Ո՞ր հավելվածներն են սմարթֆոնում ամենաշատ տեղն զբաղեցնում և ի՞նչ անել

24 հուլիսի, 2024  18:46

Որոշ տեսակի հավելվածներ, խաղեր, լուսանկարներ և տեսանյութեր սմարթֆոնների հիշողությունում ամենաշատ տեղն են զբաղեցնում: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է Telecom Daily-ի գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը։

Բացի դրանից՝ հիշողությունը, ըստ նրա՝ «լցվում է» սարքում ներբեռնված քարտեզների պատճառով։

«Որոշ խաղեր և մեսենջերներ կարող են շատ տեղ զբաղեցնել, այն դեպքում, եթե դրանցով մեծ քանակությամբ տեսանյութ փոխանցեք ձեր զրուցակիցներին կամ նրանք ուղարկեն ձեզ, իսկ դուք դրանք պահեք ձեր սարքում»,- պարզաբանել է Կուսկովը։

Հեռախոսի հիշողությունն ծանրաբեռնելուց խուսափելու համար փորձագետը խորհուրդ է տալիս լուսանկարները, տեսանյութերը և այլ «ծանր» ֆայլերը տեղափոխել այլ սարքերի վրա, ինչպես նաև ջնջել հավելվածները, որոնք չեն օգտագործվում։ Նրա խոսքով՝ կարգավորումներում կարելի է ջնջել նաև «քեշը»՝ ժամանակավոր ֆայլերը, որոնք պահում է սմարթֆոնը։

«Ռոսկաչեստվո» ծառայության (Որակի ռուսական համակարգ) թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն ավելի վաղ ասել էր, որ լցված հիշողությամբ սմարթֆոնի անընդհատ օգտագործումը կարող է դանդաղեցնել դրա աշխատանքը և հանգեցնել խափանումների։ Նրա խոսքով՝ ծրագրերի մեծ մասը սպառում է սարքի ռեսուրսները նույնիսկ եթե դրանք ակտիվ չեն։ Սա հանգեցնում է մարտկոցի լիցքի արագ սպառմանը և սարքի կատարողականության նվազմանը:


 
 
 
 
  • Արխիվ