Հերթական արտահոսքը բացահայտել է Google Pixel 9 սմարթֆոնների բնութագրերն ու գործառույթները

26 հուլիսի, 2024  12:04

Վստահելի համարվող OnLeaks ինսայդերը համացանցում տեղադրել է Google-ի մարկետինգային նյութեր՝ Pixel 9, Pixel 9 Pro և Pixel 9 Pro Fold սմարթֆոնների բնութագրերի և գործառույթների մասին մանրամասներով:

Ըստ այդմ՝ բոլոր հեռախոսները մեկ տարով անվճար հասանելիություն կունենան Google-ի Gemini Advanced AI մոդելին և յոթ տարով Pixel-ի գործառույթների և անվտանգության թարմացումներին: Նաև բոլոր նոր ապրանքները կստանան SOS գործառույթ՝ ճգնաժամային իրավիճակների մասին ահազանգերով:

Դատելով հրապարակված աղյուսակից՝ հիմնական Pixel 9-ը կունենա 6,3 դյույմանոց էկրան և 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչդեռ Pixel 9 Pro-ն կարող է հայտնվել 6,3 և 6,8 դյույմանոց էկրաններով՝ 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Ծալովի Pixel 9 Pro Fold-ը հագեցած կլինի 6,3 դյույմանոց արտաքին և 8 դյույմանոց ծալովի էկրաններով և 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Ակնկալվում է, որ բոլոր սարքերը կկառուցվեն նոր Google G4 Tensor չիպի վրա։

pixel_9_lineup_specs.jpg (204 KB)

Հիմնական Pixel 9-ը կունենա 10,5 ՄՊ առջևի տեսախցիկ և երկու հետևի տեսախցիկների բլոկ՝ 50 ՄՊ լայնանկյուն և 48 ՄՊ գերլայնանկյուն: Pixel 9 Pro-ն կունենա 42 ՄՊ սելֆի տեսախցիկ, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 48 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ և 48 ՄՊ հեռաֆոտո տեսախցիկ: Pixel 9 Pro Fold-ը կունենա 10 ՄՊ սելֆի տեսախցիկ, 48 ՄՊ հիմնական տեսախցիկ, 10.5 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ և 10.8 ՄՊ հեռաֆոտո տեսախցիկ։

Բացի Google-ի Gemini AI օգնականից և Circle to Search-ից, խոսվում է, որ Pixel 9-ի շարքը կունենա նաև էկրանակադրի միջոցով որոնման հնարավորություն: Ըստ լուսանկարներից մեկի գովազդային տեքստի՝ Pixel Screenshots գործառույթը «կօգնի պահպանել այն տեղեկությունները, որը ցանկանում եք հիշել ավելի ուշ, օրինակ՝ իրադարձությունների վայրերը և այլն»: 

Ավելի վաղ Google-ը Pixel 9 սմարթֆոնները հավաստագրման էր ներկայացրել Թայվանի կարգավորող մարմին՝ Հաղորդակցության ազգային հանձնաժողովի, ինչի արդյունքում արտահոսք էր տեղի ունեցել, քանի որ կարգավորիչ մարմինը հրապարակել էր նոր սարքերի լուսանկարները։

 


 
 
 
 
  • Արխիվ