Vega C հրթիռը վթարի է ենթարկվել մեկնարկից 2 րոպե անց. կորել են 2 Airbus արբանյակները

21 դեկտեմբերի, 2022  14:38

Եվրոպական տիեզերական գործակալության կառուցած և Arianespace ընկերության կողմից շահագործվող Vega C հրթիռը վթարի է ենթարկվել թռիչքից մոտ երկու րոպե անց, իսկ հրթիռի վրա գտնվող Airbus երկու արբանյակները կորել են:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, հրթիռն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Եվրոպական տիեզերակայանից Երևանի ժամանակով 05:47-ին։ Հրթիռի առաջին աստիճանը ( P120C) կատարել է իր առջև դրված առաջադրանքը, սակայն արձակումից մոտ 2 րոպե 27 վայրկյան անց երկրորդ աստիճանը (Zefiro 40) ձախողվել է, ինչի պատճառով հրթիռը կործանվել է, իսկ առաքելությունը՝ ավարտվել։

Հրթիռի վրա, ինչպես արդեն նշվեց, եղել են երկու Airbus արբանյակներ՝ Pléiades Neo 5-ը և Pléiades Neo 6-ը, որոնք միասին կշռում էին մոտ 1977 կիլոգրամ: Երկու արբանյակներն էլ պետք է հասցվեին արևասինքրոն ուղեծիր և դառնային Pléiades Neo արբանյակների խմբի մի մասը, որն զբաղվում է Երկրի դիտարկումով և օրական մի քանի անգամ կարող է նկարահանել աշխարհի ցանկացած կետ 30 սմ լուծաչափով: Այս արբանյակներն առ այսօր համարվում են իրենց դասի ամենաառաջատարները. դրանք կարող են ցանկալի վայրը նկարել հրամանն ստանալուց հետո 15 րոպեի ընթացքում, իսկ Երկիրն այդ կադրերը կստանա մեկ ժամվա ընթացքում:

Նշենք, որ սա այս հրթիռի մասնակցությամբ երկրորդ առաքելությունն էր։ Առաջինն իրականացվել է 2022 թ․ հուլիսին, որի ընթացքում Vega C-ն հաջողությամբ տիեզերք է տարել 295 կիլոգրամանոց LARES-2 արբանյակը և 6 ուղեկցող խորանարդ-արբանյակներ։   

Երկրորդ առաքելության մեկնարկն ի սկզբանե նախատեսված էր նոյեմբերի 24-ին, սակայն այն ստիպված եղան հետաձգվել գրեթե մեկ ամսով՝ հրթիռի մեջ սարքավորումներից մեկի անսարքության հայտնաբերման պատճառով։ Այն փոխարինելու համար մասնագետները ստիպված են եղել Կուրուում գտնվող տեխնոլոգիական գործարանում բացել հրթիռի օգտակար բեռի պաշտպանիչ հատվածը:

Այժմ փորձագետները վերլուծում են առկա տվյալները՝ պարզելու հրթիռի կործանման պատճառները։ Arianespace ընկերությունը նաև խոստացել է հեռակոնֆերանս անցկացնել, որի ժամանակ կզեկուցվի միջադեպի մասին։

Հիշեցնենք, որ վերջերս ձախողվել էր մեթանով աշխատող աշխարհի առաջին ուղեծրային հրթիռի՝ Zhuque-2-ի արձակման առաքելությունը․ հրթիռը չէր կարողացել հասնել ուղեծիր, ինչի հետևանքով կորել էին տիեզերանավի վրա գտնվող 14 արբանյակները։ Այս հրթիռի կործանման պատճառը, ըստ առկա տվյալների, նույնպես եղել է երկրորդ աստիճանում առկա անսարքությունը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ