iPhone 16-ի բոլոր մոդելները կստանան նույն հզոր պրոցեսորը․ ինչո՞ւ է Apple-ը նման քայլի գնում

3 հուլիսի, 2024  14:05

iPhone 16 շարքի բոլոր մոդելները կստանան նույն հզոր պրոցեսորը՝ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը տարիներ շարունակ նոր պրոցեսորով զինել է iPhone-ի նոր շարքի ավագ մոդելներին միայն, իսկ կրտսեր մոդելները սովորաբար ստացել են նախորդ տարվա շարքում կիրառված հին պրոցեսորները։ Այս մասին հայտնում է MacRumors կայքը։

Ըստ աղբյուրի՝ Apple-ը, ամենայն հավանականությամբ, մտադիր է հրաժարվել այս պրակտիկայից, ինչի մասին վկայում է հետազոտող Նիկոլաս Ալվարեսի հայտնաբերած ծրագրային կոդը։

Մասնավորապես, հայտնաբերվել են նոր մոդելների նույնացուցիչներ՝ iPhone 17.1, 17.2, 17.3, 17.4 և 17.5: 17 թիվը վկայում է այն մասին, որ դրանք բոլորը կստանան մեկ ընդհանուր պրոցեսոր։ Օրինակ՝ A16 պրոցեսորով iPhone 15-ը և 15 Plus, որոնք թողարկվել են անցյալ տարի, ունեին 15.4 և 15.5 նույնացուցիչները, մինչդեռ A17 Pro չիպով iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը հետ ունեին 16.1 և 16.2 նույնացուցիչները:

Կայքը նշում է, որ iPhone 17.5 նույնացուցիչով հինգերորդ սմարթֆոնը կարող է լինել նոր iPhone SE-ն, որի շնորհանդեսը նախատեսվում է 2025-ի գարնանը։ iPhone 16-ի շարքը պետք է ներկայացվի այս աշնանը։

Ըստ աղբյուրի՝ Apple-ը մտադիր է շարքի բոլոր մոդելներում օգտագործել նույն՝ հզոր Apple A18 պրոցեսորը՝ ապահովելու համար, որ բոլոր նոր սարքերը համատեղելի լինեն Apple Intelligence արհեստական բանականության հնարավորությունների հետ: Սա թույլ կտա խուսափել իրավիճակից, երբ iPhone 16-ի հիմնական մոդելների օգտատերերը կարող են զրկված լինել արհեստական բանականության գործառույթների հասանելիությունից, ինչպես դա եղավ անցյալ տարվա iPhone 15-ի դեպքում: 


 
 
 
 
  • Արխիվ