Շնորհանդեսից առաջ հրապարակվել են Samsung Galaxy Z Fold6 և Z Flip6 ծալվող սմարթֆոնների ամբողջական բնութագրերը

4 հուլիսի, 2024  16:21

Samsung-ի ամառային Galaxy Unpacked միջոցառումը տեղի կունենա հուլիսի 10-ին, որի ժամանակ ակնկալվում է, որ ընկերությունը կներկայացնի Galaxy Z Fold6 և Z Flip6 ծալվող հեռախոսները։ Սակայն ինսայդեր Էվան Բլասն արդեն բացահայտել է երկու սարքերի ամբողջական բնութագրերը, ինչպես նաև հրապարակել դրանց նվիրված մարքեթինգային նյութեր։

Սմարթֆոնները դարձել են ավելի թեթև ու բարակ, դրանց էկրանները փոքր-ինչ փոխվել են, իսկ մարտկոցներն առանց վերալիցքավորման նախորդների համեմատ ավելի երկար կաշխատեն։ Բացի դրանից՝ Samsung Galaxy Z Flip6-ը ստացել է թարգմանչի ռեժիմ. երկու էկրաններին ցուցադրվում է տարբեր լեզուներով տեքստ, որպեսզի երկխոսության երկու մասնակիցները կարողանան կարդալ այն:

Սարքերն ունեն IP48 պաշտպանություն, որը ենթադրում է պաշտպանություն 1 մմ չափով փոքր մասնիկներից, և ոչ փոշուց, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վնասել ծխնիները։

z-flip-z-fold6-pre-orders.jpg (328 KB)

Samsung Galaxy Z Fold6-ն ստացել է 7,6 դյույմանոց ներքին և 6,3 դյույմանոց արտաքին էկրաններ. առաջինի պայծառությունն աճել է մինչև 2600 քդ/մ², իսկ անցյալ տարվա մոդելն ուներ 1750 քդ/մ²: Հեռախոսն աշխատում է ժամանակակից Qualcomm Snapdragon 8 Gen 3 պրոցեսորով։ LTE ինտերնետ ռեժիմում մարտկոցի աշխատանքի ժամկետն ավելացել է մեկ ժամով, իսկ տեսանյութ նվագարկելու դեպքում՝ երկու ժամով։ Սարքը թեթևացել է 14 գ-ով, 1,4 մմ ավելի կարճ է, 1 մմ ավելի լայն և 1,3 մմ ավելի բարակ՝ ծալված վիճակում է, իսկ բացված վիճակում այն 1,4 մմ ավելի կարճ է, 2,7 մմ ավելի լայն և 0,5 մմ ավելի բարակ։

Samsung Galaxy Z Fold6-ն ունի նաև ավելի դիմացկուն ալյումինե կորպուս (Armor Aluminum), արտաքին էկրանն ավելացել է 0,1 դյույմով, իսկ հիմնական էկրանի կետայնությունը 2176 × 1812-ից դարձել է 2160 × 1856 պիքսել: Տեսախցիկները, 4400 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը և Gorilla Glass Victus 2 ապակին մնացել են նույնը։

Samsung Galaxy Z Flip6-ի ներքին և արտաքին էկրանների անկյունագծերը համապատասխանաբար 6,7 և 3,4 դյույմ են, իսկ վերջինս այժմ կառուցված է ոչ թե OLED, այլ IPS վահանակի վրա։ Հիմնական տեսախցիկը, 12 Մպ փոխարեն, ստացել է 50 Մպ սենսոր՝ նույն f/1.8 բացվածքով։ Սմարթֆոնն աշխատում է հզոր Qualcomm Snapdragon 8 Gen 3 պրոցեսորով, օպերատիվ հիշողության ծավալը 8-ից հասել է 12 ԳԲ-ի։

Ծալված վիճակում սարքը բարակել է 0,2 մմ-ով, մյուս չափերն ու քաշը մնացել են անփոփոխ։ Մարտկոցի հզորությունն ավելացել է 3700-ից մինչև 4000 մԱ/ժ։ LTE ինտերնետ ռեժիմում աշխատելու ժամանակն ավելացել է երկու ժամով, իսկ տեսահոլովակ նվագարկելիս՝ երեք ժամով։ Նոր մոդելն ստացել է անցած տարվա մոդելում կիրառված Gorilla Glass Victus 2 պաշտպանիչ ապակին։


 
 
 
 
  • Արխիվ