Բիթքոյնն արժեզրկվել է՝ հասնելով երկամսյա նվազագույնին․ ի՞նչն է պատճառը

5 հուլիսի, 2024  10:10

ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ անորոշության պատճառով և լուրերի ֆոնին, որ շուկայում բիթքոյնի ներհոսք է սպասվում 2014-ին սնանկացած ճապոնական Mt. Gox. կրիպտոբորսայի կողմից, բիթքոյնն արժեզրկվել է հասել վերջին երկու ամսվա նվազագույն արժեքին։

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթի գինը հինգշաբթի նվազել է՝ շարունակելով մեկ ամիս առաջ սկսված անկումը: Բիթքոյնն էժանացել է ավելի քան 2%-ով՝ հասնելով 57,843 դոլարի՝ մայիսի 2-ից ի վեր ամենացածր ցուցանիշը: Ընթացիկ շաբաթվա ընթացքում կրիպտոարժույթը կորցրել է իր արժեքի ավելի քան 6%-ը, հայտնում է Reuters-ը։

Փորձագետները նշում են, որ բիթքոյնի փոխարժեքի վրա ազդում են ԱՄՆ նախագահ, Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հնարավոր փոխարինման հետ կապված մտահոգությունները։ «Եթե Բայդենը փոխարինվի, և այս մասին հիմա շատ է խոսվում, ապա նոր թեկնածուն կարող է այնքան էլ լավ տրամադրված չլինել կրիպտոարժույթների նկատմամբ»,- մեկնաբանել է eToro առևտրի միջազգային հարթակի վերլուծաբան Ջոշ Գիլբերտը:

Չնայած տարվա լավ մեկնարկին՝ կապված ԱՄՆ-ում բորսայական ֆոնդերի (ETFs) գործարկմամբ, որը մարտի կեսերին գրանցեց ռեկորդային շահույթ մինչև $73,803.25, առաջատար կրիպտոարժույթն այժմ իր առավելագույն արժեքից նվազել է ավելի քան 21%-ով։

Վերլուծաբանները որպես բիթոյնի գնի նվազեցման պատճառ նաև վկայակոչում են տեղեկությունը, որ Mt. Gox-ը, որը նախկինում կրիպտոարժույթների առևտրի աշխարհի ամենամեծ հարթակն էր մինչև 2014-ին սնանկանալը, սկսել է վճարել իր պարտատերերին: Սա կարող է լրացուցիչ ճնշում գործադրել բիթքոյնի փոխարժեքի վրա, եթե հաճախորդներն սկսեն զանգվածաբար վաճառել իրենց ստացած թոքենները։

IG ընկերության շուկայի վերլուծաբան Թոնի Սայկամորն ասել է. «Ակնկալվում է, որ բիթքոյնի սկզբնական գնորդներից ոմանք կսկսեն վաճառել իրենց ակտիվները շուկայում, ինչը բավականին զգալի մասնաբաժին է ներկայացնում»: Այնուամենայնիվ, նա նաև հավելել է, որ չնայած ներկա իրավիճակին, բիթքոյնը կարող է կրկին վերադառնալ մարտի ամենաբարձր ցուցանիշներին և հասնել գուցե մինչև $80,000-ի:

Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր անկման պայմաններում Ethereum-ը, որը երկրորդ ամենամեծ կրիպտո արժույթն է, նույնպես վաճառվել է ավելի քան 1% պակաս գնով՝ հասնելով 3213 դոլարի և մարտի առավելագույն գնի համեմատ կորցնելով ավելի քան 22%։ 


 
 
 
 
  • Արխիվ