Այլևս ոչ մի կրճատո՞ւմ․ Մասկը աշխատողներ է փնտրում Twitter-ի համար և աշխատանքի է ընդունել հաքերին, որը «ջեյլբրեյք» է ստեղծել iPhone-ի համար

23 նոյեմբերի, 2022  13:46

Երբ Իլոն Մասկը գնեց Twitter-ը, ընկերությունն ուներ մոտ 7500 աշխատակից։ Այժմ ընկերությունում մնացել է մոտ 2700 աշխատող, ինչը, ըստ շատ փորձագետների, բավարար չէ հարթակի բնականոն աշխատանքն ապահովելու համար։

Մասկն առայժմ որոշել է մարդկանց այլևս չազատել աշխատանքից։ Ընդհակառակը, նա այժմ նոր աշխատակիցներ է փնտրում հարթակի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Եվ ընկերության նոր աշխատակիցներից մեկը դարձել է հաքեր Ջորջ Հոցը, որը հայտնի է նրանով, որ iPhone-ի համար «ջեյլբռեյք» է ստեղծել (կողպված սարքի թերություններն օգտագործելու միջոցով դրանում այլ ծրագրակազմ տեղադրելը) և կոտրել է Sony PlayStation 3-ը։

Հայտնի հաքերը՝ Twitter-ի նոր աշխատակի՞ց

Լուրերի ֆոնին, որ Իլոն Մասկը աշխատանքից ազատել է Twitter-ի աշխատակիցների գրեթե երկու երրորդին (ներառյալ նրանց, ովքեր չեն ցանկացել աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ»), Ջորջ Հոցն ինքն է ցանկություն հայտնել աշխատել այս ընկերությունում. Twitter-ի իր էջում նա գրել է, որ «աշխատանքի նկատմամբ այս վերաբերմունքը թույլ է տալիս զարմանալի բաներ ստեղծել»։ Դրան Մասկը պատասխանել է. «Արի շփվենք»։ Հենց այստեղից էլ սկսվել է ամեն ինչ։

Մասկը Հոցին աշխատանքի է ընդունել 12-շաբաթյա «փորձաշրջանով»: Հաքերին տրվել է երկու հիմնական առաջադրանք՝ լուծել Twitter-ի որոնողական համակարգի հետ կապված խնդիրները և հեռացնել որոնման ժամանակ հայտնվող ավտորիզացիայի պատուհանը, որը թույլ չի տալիս սոցցանցում որոնում անել՝ առանց օգտահաշիվ մուտք գործելու։

Ջորջ Հոց

2015 թ․ Մասկը ցանկանում էր Հոցին աշխատանքի ընդունել Tesla-ում, բայց հետո նրանց համագործակցությունը չստացվեց։ Երբ Մասկը սկսեց փոխել կողմերի համաձայնագրի պայմանները, Հոցը մերժեց առաջարկը և հրապարակավ հայտարարեց, որ «իրականում աշխատանք չի փնտրում»։ Նա նաև խոստացել էր կրկին կապ հաստատել Մասկի հետ «երբ կոտրի Mobileye-ի համակարգը»։ Այն ժամանակ Tesla-ն համագործակցում էր Mobileye ընկերության հետ, որն ապահովում էր Tesla-ի ինքնակառավարվող համակարգի որոշ տեխնոլոգիաներ: Սակայն 2016 թ․ ընկերությունները դադարեցրին համագործակցությունը։

Ի՞նչ այլ աշխատակիցներ է փնտրում Մասկը

Ընկերության կայքում թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ չկան, սակայն աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, ըստ The Verge-ի, Մասկն ասել է, որ իրենց հարկավոր են մարդիկ, «որոնք լավ են գրում ծրագրային ապահովման կոդը»։

Ըստ Business Insider-ի աղբյուրների՝ հանդիպմանը Մասկը նաև ասել է, որ պատրաստվում է ավելի շատ ինժեներների ընդունել աշխատանքի: Ընկերության աշխատակիցներից մեկի խոսքով՝ Twitter-ը լքել է ինժեներների մոտ կեսը։

Որտե՞ղ է Twitter-ի աշխատակիցների մեծ մասը

Եթե ​չեք հետևել Twitter-ի շուրջ վերջին զարգացումներին, ապա շատ հանգիստ կարող եք մտածել, թե ուր է ընկերության աշխատակիցների երկու երրորդը:

Աշխատակիցների կեսին Մասկը հեռացրել է գործադիր տնօրեն դառնալուց գրեթե անմիջապես հետո։ Ավելի ուշ նա աշխատանքից ազատեց առնվազն մեկ տասնյակ ինժեներների, որոնք բացահայտ քննադատում էին նրան՝ սոցցանցում կամ ներքին կորպորատիվ Slack մեսենջերում: Աշխատակիցները նույնիսկ սկսեցին նրան անվանել Վոլան-դե-Մորտ՝ Հարի Փոթերի սագայի գլխավոր չարագործը. նրանք մտավախություն ունեն, որ նոր գործընկերները, որոնց Մասկը բերել է Tesla-ից, ուսումնասիրում են Slack-ի բոլոր հաղորդագրությունները և «Իլոն» և «Մասկ» բանալի բառերով որոնման միջոցով գտնում են այն աշխատակիցներին, որոնք քննադատում են նոր շեֆին։

Ընկերության շատ աշխատակիցներ սկսեցին աշխատանքից ազատվել սեփական նախաձեռնությամբ, երբ կարդացին Իլոն Մասկի վերջնագիրը, որում նա առաջարկում էր աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ» կամ հեռանալ։ Շատերը նախընտրեցին երկրորդ տարբերակը։ Ըստ Reuters-ի՝ Blind հավելվածում արված «հարցմանը» մասնակցած աշխատակիցների 42%-ը որոշեց լքել ընկերությունը, և հարցվածների միայն 7%-ը համաձայնեց աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ»։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ