Ինչո՞ւ են Apple-ին խորհուրդ տալիս հրաժարվել iPhone ապրանքանիշից

23 մայիսի, 2024  10:15

Մարկետոլոգ Քեն Սեգալն Apple ընկերությանը խորհուրդ է տալիս հրաժարվել iPhone-ի «i» նախածանցից: Նրա կարծիքով՝ այս նախածանցն արդեն կորցրել է իր սկզբնական նշանակությունը։ Եթե ​​այս խորհուրդը տրված լիներ որևէ այլ մարկետոլոգի կողմից, այն կարող էր պարզապես անտեսվել: Սակայն Սեգալը պատահական մարդ չէ. 1998-ին հենց նա է ստեղծել iMac ապրանքանիշը:

Այն ժամանակ՝ մոտ 25 տարի առաջ, Apple-ը պլանավորում էր իր համակարգիչներն անվանել MacMan, սակայն հրաժարվեց այդ գաղափարից՝ հօգուտ ավելի լակոնիկ iMac-ի. նոր տարբերակը նախագծված էր ընդգծելու ինտերնետ կապի նորարար գործառույթը: «i» նախածանցը շուտով հայտնվեց ընկերության այլ արտադրանքների անուններում, այդ թվում՝ iPod-ը, iPhone-ը, iPad-ը, iTunes-ը և iCloud-ը:

Այժմ, ինչպես Սեգալը ասել է Wired-ին տված հարցազրույցում, «i»-ն այլևս չի կրում նույն իմաստը և, հետևաբար, պետք է բացառվի բրենդինգից:  

Forge Coop բրենդինգային գործակալության գործընկեր Էշվին Կրիշնասվամին կիսում է այս տեսակետը՝ նշելով, որ այսօրվա աշխարհում, որտեղ ինտերնետը հասանելի է բոլորին, «i» նախածանցը հնացած է թվում: Այնուամենայնիվ, նա ընդգծում է, որ Apple-ի բրենդի ուժն այնքան մեծ է, որ սպառողներն ապրանքներ կգնեն անկախ դրանց անունից։

Հարկ է նշել, որ Apple-ի շատ ժամանակակից սարքեր արդեն թողարկվում են առանց «i» նախածանցի։ Դրանցից են Apple TV-ն, Apple Watch-ը, HomePod-ը, Vision Pro-ն, Mac Studio-ն և այլն։ Այս ապրանքները ցույց են տալիս, որ ընկերությունը կարծես թե սկսել է չկիրառել «i» նախածանցը իր ապրանքներում: Սակայն արդյոք ընկերության ղեկավարությունը կլսի փորձագետների խորհուրդը և կհրաժարվի iPhone ապրանքանիշից։ Սա, իհարկե, մոտ ապագայում քիչ հավանական է թվում։


 
 
 
 
  • Արխիվ