Ռուսական բրոքերային ծառայությունները պատմության մեջ ամենահզոր DDoS հարձակումների են ենթարկվել

17 նոյեմբերի, 2022  13:04

Ռուսական բրոքերային ընկերությունները պատմության մեջ ամենահզոր DDoS հարձակումների են ենթարկվել, ինչը տեխնիկական խնդիրներ է առաջացրել դրանց կայքերի աշխատանքում և մի քանի ժամով զրկել օգտատերերին իրենց ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է կիբեռանվտանգության ոլորտում աշխատող StormWall ընկերությունը։

Ընկերության մասնագետների տվյալներով՝ նախկինում գրանցվել են բրոքերների վրա հարձակումների միայն հատուկենտ դեպքեր, այն էլ՝ շորթման նպատակով։ Սակայն այս անգամ տեղի է ունեցել իսկապես հզոր գրոհների շարք միանգամից մի քանի, այդ թվում՝ «БКС мир инвестиций», «Финам» и «Открытие инвестиции» ընկերությունների վրա։

Ըստ ընկերության մասնագետների՝ ամենայն հավանականությամբ, հարձակումներն իրագործել են քաղաքական մոտիվացիա ունեցող հաքերներ. ավելի վաղ նման հարձակումների կոչեր հնչել են Ուկրաինայի ՏՏ բանակի տելեգրամյան ալիքում, որն այժմ ունի ավելի քան 200 000 հետևորդ։ Հարձակումներն իրենց գագաթնակետին հասել էին 2022 թ․ հոկտեմբերի վերջին։

Հարձակումների մեծ մասը տեւել է 5-7 ժամ, սակայն որոշ հարձակումներ տեւել են մինչեւ 10 ժամ։

Հարձակումների արդյունքում հաքերներին, ըստ StormWall-ի, հաջողվել է վնասել բրոքերային ընկերությունների հիմնական ծառայությունների աշխատանքը (դրանց կայքերը մի քանի ժամ անհասանելի են եղել, անձնական օգտահաշիվներում տեխնիկական խափանումներ են եղել, օգտատերերը չեն կարողացել օգտվել բրոքերների ծառայություններից), բայց ավելի լուրջ հետեւանքներից, այդուհանդերձ, հնարավոր է եղել խուսափել DDoS հարձակումներից պաշտպանության ժամանակակից համակարգերի կիրառման շնորհիվ։

Ի՞նչ է DDoS հարձակումը

DDoS հարձակումը հաքերային հարձակում է, որն առաջացնում է կայքի կամ հաճախորդների սպասարկման տարբեր տեսակի ենթակառուցվածքների ձախողում կամ խափանում:

Սովորաբար, վեբ սերվերները միաժամանակ կարող են սպասարկել սահմանափակ թվով հարցումներ: Սերվերը ինտերնետին միացնող ուղու վրա նույնպես կան թողունակության սահմանափակումներ:

Երբ ստացված հարցումների թիվը սկսում է գերազանցել այն թվաքականը, որը ցանկացած ենթակառուցվածքի բաղադրիչը կարող է սպասարկել, դա կարող է հանգեցնել վեբ ռեսուրսի աշխատանքի ամբողջական դադարեցման՝ «ծառայության մերժման» կամ DDoS (Distributed denial-of-service):


 
 
 
 
  • Արխիվ