Հաքերները Հնդկաստանի խոշորագույն կրիպտոբորսայից $235 մլն են գողացել

19 հուլիսի, 2024  11:32

Հնդկաստանի WazirX խոշորագույն կրիպտոբորսան ենթարկվել է լայնամասշտաբ կիբեռհարձակման, որի արդյունքում հաքերները մոտ 235 մլն դոլար են գողացել։ Բորսան հաստատել է միջադեպը և ժամանակավորապես դադարեցրել միջոցների դուրսբերումը, հայտնում է TechCrunch կայքը։

Փորձագետների տվյալներով՝ հարձակվողները գումար են հանել USDT և GALA ստեյբլքոյններով, ինչպես նաև SHIB և PEPE մեմքոյններով: Ռիսկերի կառավարման Elliptic հարթակի ներկայացուցիչները ենթադրել են, որ հաքերները կարող են կապված լինել Հյուսիսային Կորեայի հետ։

WazirX-ը պարզաբանել է, որ խնդիրը կարող է կապված լինել հարթակում օգտագործվող Liminal կրիպտո դրամապանակի հետ։ Այնուամենայնիվ, Liminal-ը պնդում է, որ կոտրել են իրենց էկոհամակարգից դուրս ստեղծված դրամապանակը: Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենց հարթակը չեն կոտրել, իսկ դրա ենթակառուցվածքը, դրամապանակներն ու ակտիվները մնում են անվտանգ:

Աղբյուրը նշում է, որ այս դեպքը կարող է դառնալ կրիպտոարժույթների բորսաների վրա 2024-ի խոշորագույն կիբեռհարձակումներից մեկը։ Մայիսին մի խումբ հաքերներ 305 միլիոն դոլար արժողությամբ 4502 բիթքոյն էին գողացել ճապոնական DMM Bitcoin բորսայից։ Դրա հետևանքով բորսան ստիպված էր եղել օգնություն խնդրել իր գործընկերներից տուժած օգտատերերի կորուստները փոխհատուցելու համար։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2024-ի առաջին կիսամյակում հաքերները տարբեր միջոցների կիրառմամբ 1,38 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտոարժույթ են գողացել, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կիբեռհանցագործների գողացած ամբողջ կրիպտոարժույթների մոտ 70%-ը ստացվել է հինգ խոշորագույն հարձակումներից: Ինչպես նախորդ տարիներին, բոլոր միջոցների զգալի մասը գողացվել է փոքր թվով խոշոր միջադեպերի արդյունքում:


 
 
 
 
  • Արխիվ