iPhone 17 Pro-ն կլինի աշխարհում առաջին սմարթֆոնը, որ կստանա TSMC-ի 2 նմ չիպ

11 ապրիլի, 2024  17:34

Առաջին սարքերը, որոնք կստանան թայվանական TSMC ընկերության 2 նմ չիպեր, կլինեն iPhone 17 Pro-ն և Pro Max-ը, որոնք կթողարկվեն 2025-ի աշնանը, այս մասին տեղեկացնում է DigiTimes-ը։

Ըստ կայքի՝ նախկինում լուրեր էին պտտվում, որ Apple-ը կրկին նախապես գնել է նոր սերնդի չիպերի ողջ առաջին խմբաքանակը։ Թեև երբեք հստակ հայտնի չէ, թե ինչ ծավալների մասին է խոսքը, սակայն, ըստ աղբյուրի 3 նմ պրոցեսի տեխնոլոգիայի դեպքում Apple-ը դեռ միակն է, որն առաջարկում է նման չիպեր և, ըստ երևույթին, կմնա միակը մինչև այս տարվա վերջը։

iPhone 15 սմարթֆոնների շարքը շուկա է մտել ավելի քան վեց ամիս առաջ, Apple M3 SoC-ը (3 նմ) շուկայում է եղել մոտավորապես նույն ժամանակ, և մինչ այժմ մրցակիցներից ոչ մեկը չի թողարկել պրոցեսորներ՝ հիմնված 3 նմ ստանդարտների վրա: Ըստ աղբյուրի՝ մոտավորապես նույնը կլինի նաև TSMC-ի 2 նմ պրոցեսի տեխնոլոգիայի դեպքում։

Նշենք, որ թայվանական TSMC ընկերությունը երկու լուրջ խնդիր ունի արտադրության հետ կապված։ Առաջինը ծագել է Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենամեծ երկրաշարժի պատճառով, որը հանգեցրել է TSMC գործարանի հեղեղմանը, որտեղ աշխատանքներ են տարվում 2 նմ չիպերի վրա։ Չնայած մինչև 10,000 սիլիկոնային վաֆլի է վնասվել, ակնկալվում է, որ ապահովագրությունը կծածկի վնասը, և կորցրած չիպերը կարող են վերականգնվել:

Երկրորդ խնդիրը կապված է ԱՄՆ Արիզոնա նահանգում չիպերի արտադրության գործարանի գործարկման հետ կապված մեծ ծախսերի հետ։ Չնայած ընկերությունն ԱՄՆ կառավարությունից 6,6 միլիարդ դոլարի դրամաշնորհ է ստացել, երեք գործարաններում ընդհանուր ներդրումները կգերազանցեն 65 միլիարդ դոլարը: Բացի դրանից՝ ընկերությունը նաև ֆինանսավորում է փնտրում Գերմանիայում և Ճապոնիայում առաջադեմ գործարաններ կառուցելու համար:

Այնուամենայնիվ, փորձագետները վստահ են, որ այս բոլոր դժվարությունները չեն ազդի Apple-ի չիպերի մատակարարման ժամանակացույցի վրա: Երկու նմ չիպերի արտադրության հոսքագծերի փորձնական գործարկումը նախատեսվում է 2024-ի երկրորդ կեսին, իսկ փոքրածավալ արտադրությունը կսկսվի 2025-ի երկրորդ եռամսյակում։ Այս դեպքում iPhone 17 Pro-ն կդառնա աշխարհում առաջին սմարթֆոնը 2 նմ չիպերով։


 
 
 
 
  • Արխիվ