Ի՞նչ է պետք առաջին հերթին անել, եթե ձեր սմարթֆոնը կորցրել եք կամ այն գողացել են

10 ապրիլի, 2024  12:22

Եթե կորցրել եք սմարթֆոնը կամ այն գողացել են, ապա առաջին բանը, որ պետք է անել, դրա մասին բջջային օպերատորին տեղեկացնելն է: Ընկերությունը կարգելափակի SIM քարտը՝ երրորդ կողմի համար դժվարացնելով սմարթֆոնի սեփականատիրոջ բանկային հաշիվներին հասանելիություն ստանալը: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Megafon-ի խարդախության դեպքերի հետաքննությունների հարցերով ավագ փորձագետ Բորիս Լոպատինը։

«Պետք չէ թույլ տալ, որ չարագործը հասանելիություն ունենա ոչ միայն ձեր սարքին, այլև ձեր հեռախոսահամարին: Նույնիսկ եթե սարքն ինքնին պաշտպանված է եղել կոդով, իսկ SIM քարտը՝ ոչ, այն կարող են տեղադրել այլ սմարթֆոնում՝ առցանց բանկինգի և վճարային համակարգեր մուտք գործելու համար: Ձեր սմարթֆոնը և SIM քարտը կորցնելու դեպքում կա վտանգ, որ երրորդ անձինք չարտոնված հասանելիություն կստանան գաղտնի տեղեկություններին և դա կօգտագործեն դրամ շորթելու, ինչպես նաև հաշիվներից միջոցները հափշտակելու նպատակով»,- Լոպատինն ասել է Gazeta.Ru-ին:

Այս կապակցությամբ նա բոլոր բաժանորդներին խորհուրդ է տալիս կիրառել SIM քարտի պաշտպանություն և տեղադրել PIN կոդ։ Այս հնարավորությունը հասանելի է սմարթֆոնի կարգավորումներում, «Բջջային կապ» կամ «Անվտանգություն և գաղտնիություն» բաժիններում՝ կախված սարքի օպերացիոն համակարգից:

Եթե ​​ձեր սմարթֆոնը գողացել են կամ այն կորել է, փորձագետը խորհուրդ է տալիս անմիջապես կապ հաստատել բջջային օպերատորի հետ և խնդրել, որպեսզի ամբողջությամբ կամ ժամանակավորապես արգելափակեն ձեր SIM քարտը: Հաջորդիվ SIM քարտը կարելի է վերաթողարկել՝ կապ հաստատելով բջջային կապի օպերատորի սպարսարկման կենտրոն։

«Բացի դրանից՝ արժե օպերատորից խնդրել ձեր հեռախոսահամարի ակտիվության վերաբերյալ մանրամասները: Այս կերպ դուք կարող եք ստուգել, ​​թե ինչ է տեղի ունեցել, երբ սմարթֆոնը սխալ ձեռքերում է եղել՝ արդյոք զանգեր են կատարվել կամ այլ բջջային գործողություններ են կատարվել: Բոլոր զանգերի և հաղորդագրությունների մասին մանրամասն տեղեկատվությունը կօգնի նաև մասամբ վերականգնել կորցրած կոնտակտները՝ ըստ զանգերի ժամի և ամսաթվի: Նույնքան կարևոր է լրացուցիչ ուսումնասիրել այս ժամանակահատվածում բանկային գործառնությունների պատմությունը»,- ընդգծել է Լոպատինը։


 
 
 
 
  • Արխիվ