James Webb աստղադիտակը կօգնի պոտենցիալ բնակելի մոլորակներ գտնել, հասկանալ Երկրի կլիմայական փոփոխությունները

12 նոյեմբերի, 2022  16:22

Աստղագետները վերլուծել են Երկրին նմանվող հեռավոր TRAPPIST-1e մոլորակը՝ ստեղծելու մի շրջանակ, որը կօգնի պարզել, թե արդյոք արեգակնային համակարգից դուրս որևէ մոլորակում հնարավոր է կյանք գոյություն ունենալ կամ արդյոք հնարավոր է, որ նպաստավոր պայմաններ լինեն մարդու բնակության համար, տեղեկացնում է Space.com-ը:

TRAPPIST-1e մոլորակը Trappist-1 համակարգի յոթ աշխարհներից մեկն է, որը պտտվում է Երկրից 39 լուսատարի հեռավորության վրա համեմատաբար սառը M տեսակի գաճաճ աստղի շուրջ: Քանի որ բոլոր այս էկզոմոլորակները քարքարոտ մակերես ունեն, իսկ դրանց չափերը մոտ են Երկրի չափերին, TRAPPIST-1 համակարգը դարձել է տիեզերքում կյանքի որոնման հիմնական կենտրոնը:

Հենց այդ պատճառով էլ James Webb տիեզերական աստղադիտակը հաջորդ տարի կսկսի ինտենսիվ կերպով ուսումնասիրել Trappist-1 համակարգը և TRAPPIST-1e մոլորակը, որը համարվում է երբևէ հայտնաբերված «առավել պոտենցիալ բնակելի» էկզոմոլորակներից մեկը։ 

Ի՞նչ են արել գիտնականները

Astrophysical Journal-ում հրապարակված նոր հետազոտության շրջանակում գիտնականներն օգտագործել են համակարգիչ՝ մոդելավորելու համար TRAPPIST-1e-ի կլիման, որն ունի գրեթե նույն չափերը, ինչ Երկիրը, պարզապես 40%-ով պակաս զանգված: Մոլորակը գտնվում է իր աստղի շուրջ գտնվող մի շրջանում, որը կոչվում է «բնակելի գոտի»։ Այստեղ ջերմաստիճանը հարմար է հեղուկ ջրի գոյության համար:

Հետևելով, թե ինչպես է էկզոմոլորակի սիմուլացված կլիման արձագանքում ջերմոցային գազերի ավելացմանը, մասնավորապես, ածխաթթու գազի ազդեցությունը եղանակային արտառոց պայմանների և եղանակի փոփոխության արագության վրա, թիմն այնուհետև TRAPPIST-1e-ը համեմատել է Երկրի հետ:

«Այս երկու փոփոխականները վճռորոշ են այլ մոլորակների վրա կյանքի գոյության համար, և դրանք այժմ պատմության մեջ առաջին անգամ խորությամբ ուսումնասիրվում են»,- ասել է ծրագրի ղեկավար և Երուսաղեմի հրեական համալսարանում գործող Ֆրեդի և Նադին Հերմանի անվան աշխարհագրության ինստիտուտի պրոֆեսոր Ասաֆ Հոխմանը։

Հոխմանը և նրա գործընկերները բացահայտել են, որ TRAPPIST-1e-ի մթնոլորտը շատ ավելի զգայուն է ջերմոցային գազերի նկատմամբ, քան Երկրի մթնոլորտը: Իսկ սա նշանակում է, որ TRAPPIST-1e-ի մթնոլորտում ջերմոցային գազերի ավելացումը կարող է հանգեցնել ավելի ծայրահեղ կլիմայական փոփոխությունների, քան դա կարող է տեղի ունենալ Երկրի վրա:

Փորձը կարող է օգնել ավելի լավ հասկանալ Երկրի կլիմայի փոփոխությունները 

Նման բարձր զգայունությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ TRAPPIST-1e-ը մակընթացորեն կապված իր աստղի հետ: Սա նշանակում է, որ էկզոմոլորակի մի կողմը մշտապես նայում է աստղի ուղղությամբ, և հենց այս կողմն էլ մշտապես մեծ ծավալով ճառագայթում է ստանում՝ ի տարբերություն Երկրի, որն արևի շուրջը պտտվելիս պտտվում է նաև ինքն իր առանցքի շուրջը:

«Մեր մշակած հետազոտական շրջանակը James Webb-ի դիտումներից ստացված տվյալների հետ միասին գիտնականներին հնարավորություն կտա արդյունավետորեն գնահատել շատ այլ մոլորակների մթնոլորտը՝ առանց այնտեղ տիեզերական անձնակազմ ուղարկելու, որպեսզի ֆիզիկապես այցելեն,- բացատրել է Հոխմանը,- Սա մեզ կօգնի ապագայում տեղեկացված որոշումներ կայացնել այն մասին, թե մարդկանց բնակության համար որ մոլորակներն են լավ թեկնածուներ և, հավանաբար, նույնիսկ այդ մոլորակներում կյանք գտնելու համար»:

Հոխմանը և թիմը կարծում են, որ Երկրի նման էկզոմոլորակի (ինչպիսին է TRAPPIST-1e-ն է) կլիմայի փոփոխականության ուսումնասիրումը կարող է օգնել ավելի լավ հասկանալ մեր մոլորակում ներկայումս տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները:

Բացի դրանից, այս պայմանների ուսումնասիրությունը կարող է օգնել գիտնականներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող է Երկրի մթնոլորտը փոխվել ապագայում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ