Solar Orbiter-ը Արեգակի մակերևույթին «սողացող» «օձ» է նկարահանել. ի՞նչ է դա իրականում

18 նոյեմբերի, 2022  19:29

Արեգակի ուսումնասիրությամբ զբաղվող Solar Orbiter անօդաչու տիեզերական սարքի արած նոր տեսանյութում երևում է անսովոր «օձ», որը «սողում է» Արեգակի մակերևույթով: Իրականում դա, իհարկե, ամենևին էլ օձ չէ, այլ մի երեւույթ, որը գիտնականները նախկինում չեն նկատել։ Հնարավոր է, որ այն կապված է արեգակնային բռնկումների հետ։ 

Solar Orbiter-ը այս տեսագրությունն արել է սեպտեմբերի 5-ին, երբ թռչելիս է եղել դեպի պերիկենտրոն՝ Արեգակին ամենամոտ կետը ընդամենը 1/3 աստղագիտական ​​միավոր հեռավորության վրա, որտեղ այն հասել է հոկտեմբերի 12-ին: 

Հսկայական «օձը», որը գալարվելով անցնում է Արեգակի մակերևույթի վրայով, ամենայն հավանականությամբ ավելի շատ սառը պլազմային խողովակ է, որը տեղաշարժվում է Արեգակի մակերևույթով, որին իր դիրքում պահում է աստղի մագնիսական դաշտը։

Արեգակնային մթնոլորտը բաղկացած է պլազմայից՝ իոնացված գազից։ Այն կազմված է լիցքավորված մասնիկներից, որոնց վրա ազդում է մագնիսական դաշտը։ Աստղագետ Դեյվիդ Լոնգի խոսքով՝ պլազման «հոսում» է Արեգակի մի կողմից մյուսը։ Բայց քանի որ Արեգակի մագնիսական դաշտը բավականին բարդ կոնֆիգուրացիա ունի, պլազման շարժվում է կոր, ոլորված ուղիներով: Իսկ պլազմայի «վարքագծից» կարելի է շատ տեղեկություններ ստանալ Արեգակի մագնիսական դաշտի կոնֆիգուրացիայի մասին։

Տեսանյութում երևում է, որ այն կետը, որտեղից պլազմային «օձը» «սողացել է» մակերևույթի մեկ այլ հատված, շուտով պայթել է՝ կորոնային զանգվածի արտանետմամբ․ դա պլազմայի պոռթկում է, որն Արևից թռչում է մեծ արագությամբ։

Հաջորդ անգամ Solar Orbiter-ը պերիկենտրոնում կլինի հաջորդ տարվա ապրիլին: Այդ ժամանակ սարքը կկարողանա հետաքրքիր նոր տեսանյութեր նկարահանել, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում Արեգակի վրա։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ