Հաքերները կարող են Google Calendar-ը վերածել վնասակար ծրագրերի կառավարման գործիքի

8 նոյեմբերի, 2023  12:18

Google-ը նոր սպառնալիք է հայտնաբերել իր Google Calendar ծառայության մեջ. հաքերները կարող են այն օգտագործել վնասակար ծրագրերը կառավարելու համար՝ քողարկելով հրամանները որպես օրացույցային սովորական գրառումներ: Նման գործողությունները դժվար է հայտնաբերել, ինչը ստեղծում է կիբեռանվտանգության լուրջ ռիսկեր։ Ուշագրավ է, որ Google-ն ինքն է զգուշացնում, որ Calendar-ը կարող է օգտագործվել վնասակար ծրագրերին գաղտնի հրամաններ փոխանցելու համար:

Շատ վիրուսների դեպքում, զոհի համակարգ ներթափանցելուց հետո հարձակվողների կողմից վերահսկելու անհրաժեշտություն կա: Այդ նպատակով ստեղծվում է «հրամանների և հսկողության» հատուկ ենթակառուցվածք (Command and Control կամ C2): Հաքերները սովորաբար հրամաններ են ուղարկում իրենց վնասակար ծրագրերին, այսպես կոչված, C2 սերվերի միջոցով, սակայն այժմ նրանք գտել են իրենց գործունեությունը քողարկելու միջոց՝ օգտագործելով օրինական ծառայություններ, ինչպիսիք են ամպային պահեստավորումը և էլփոստի ծառայությունները:

google calendar GCR.jpg (88 KB)

Նախկինում հաքերներն այդ նպատակով արդեն օգտագործել են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Dropbox-ը, Amazon Web Services-ը, Google Drive-ը և Gmail-ը: Սա թույլ է տվել նրանց թաքցնել վիրուսների հրամանները սովորական ինտերնետ տրաֆիկի քողի տակ՝ դժվարացնելով հակավիրուսային ծրագրերի և կիբեռանվտանգության մասնագետների կողմից դրանց հայտնաբերումը։

Google-ն այժմ մատնանշում է Calendar-ի որպես C2 հաղորդակցության նոր գործիք օգտագործելու հնարավոր վտանգները: Ապագա սպառնալիքների մասին զեկույցում ընկերությունը մեջբերում է կիբեռանվտանգության ոլորտի մի ուսումնասիրություն, որում MrSaighnal կեղծանունով փորձագետը ցույց է տալիս, թե ինչպես են հարձակվողներն օգտագործում Google Calendar-ը:

Մեթոդիկան, որը կոչվում է Google Calendar RAT (GCR), ներառում է C2 հրամանների տեղադրում օրացուցային իրադարձությունների նկարագրության մեջ: Հաքերների կողմից տեղադրված վնասակար ծրագրերը կարող են պարբերաբար ստուգել, թե արդյոք ձեր Google Calendar օգտահաշվում նոր հրամաններ կան և կատարել դրանք վարակված սարքի վրա:

«Ըստ մշակողի՝ GCR-ը հաղորդակցվում է բացառապես Google-ի կողմից կառավարվող օրինական ենթակառուցվածքի միջոցով՝ դժվարացնելով կասկածելի գործողությունների հայտնաբերումը», - նշել է Google-ը:


 
 
 
 
  • Արխիվ