Google-ը թարմացում է թողարկել Chrome-ի համար․ ի՞նչ նոր գործառույթներ ունի այն

25 հուլիսի, 2024  18:42

Google-ը թարմացրել է ներբեռնվող ֆայլերում սպառնալիքների հայտնաբերման համակարգը և վիրուսների սկանավորման ալգորիթմները Chrome դիտարկչում: Այժմ դիտարկիչն ավելի արդյունավետ է որոշում ֆայլերի վտանգավորության աստիճանը և սկանավորում նույնիսկ գաղտնաբառով պաշտպանված արխիվները, հայտնում է Bleeping Computer կայքը։

Այժմ Chrome-ը ոչ միայն զգուշացնում է հնարավոր սպառնալիքի մասին, այլև ներբեռնվող ֆայլը դասակարգում է որպես կասկածելի կամ վտանգավոր և դադարեցնում ներբեռնումը։ Ընդլայնված պաշտպանության ռեժիմում դիտարկիչը կասկածելի ֆայլերն ավտոմատ վերբեռնում է ամպ՝ խորը սկանավորման համար:

Google-ը պնդում է, որ ամպային սկանավորումը սպառնալիքների հայտնաբերման հավանականությունը մեծացնում է 50 անգամ։ Օգտատերերը կարող են ստուգել գաղտնագրված արխիվները՝ մուտքագրելով գաղտնաբառ, որպեսզի դրանք սկանավորվեն արհեստական բանականության միջոցով: Այս գործառույթը հասանելի է միայն ընդլայնված պաշտպանության ռեժիմում, մինչդեռ ստանդարտ կարգավորումների դեպքում սկանավորվում են միայն ֆայլի մետատվյալները:

Կասկածելի ֆայլերը նշվում են մոխրագույն եռանկյունով, իսկ բարձր ռիսկային ֆայլերը՝ կարմիր պատկերակով: Թարմացումն արդեն տարածվում է Chrome դիտարկչի օգտատերերի համար:


 
 
 
 
  • Արխիվ