Օգտատերերի տվյալներն ու գումարները գողանալու համար խարդախներն սկսել են կիրառել YouTube-ը

9 հուլիսի, 2024  17:04

Խարդախներն սկսել են Ռուսաստանի տարածքում YouTube-ի միջոցով գողանալ օգտատերերի փողերն ու անձնական տվյալները։ Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը։

«Խարդախները վիդեոհոսթինգի կայքի անվան տակ քողարկված նամակներ են ուղարկում ենթադրաբար այն մասին, որ մեկնաբանություն է թողնվել արագ եկամուտ ստանալու վերաբերյալ «հայտնի ֆինանսական ապրանքանիշի նոր նախագծի» տեսանյութի տակ»,- նշել է  տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտացած ռուսական F.A.C.C. ընկերությունը:

Օգտատերերը, որոնք կապ չունեն տեսանյութի կամ մեկնաբանությունների հետ, կարող են չկասկածել, որ դա խաբեություն է և հետաքրքրությունից դրդված հետևել նամակի հղմանը, որը տանում է դեպի կեղծ կայք: Այնտեղ պոտենցիալ զոհերին խնդրում են հարցման մասնակցել՝ պարզելու նրանց ֆինանսական վիճակը, ինչպես նաև մուտքագրել անձնական տվյալները հատուկ ձևաթղթի միջոցով։

Եթե ​​օգտատերն անում է դա, ապա նրա հետ կապ է հաստատում «անձնական մենեջերը», որը ենթադրաբար օգնում է նրան հաշիվ բացել և սկսել «գումար աշխատել»: Սակայն իրականում բոլոր այն գումարները, որոնք կներդրվեն այս կասկածելի նախագծում, անմիջապես կհայտնվեն հանցագործների ձեռքում։

Միաժամանակ F.A.C.C.T-ն նշում է, որ խաբեբաները նախապես նոր ալիք են գրանցել YouTube-ում և մի քանի տեսանյութ տեղադրել այնտեղ՝ արժանահավատության համար: Դրանից հետո նրանք սկսել են տարբեր օգտահաշվիներից մեկնաբանություններ թողնել տեսանյութերի տակ՝ դրանով իսկ ակտիվության տպավորություն ստեղծելով։ Իսկ YouTube-ի անվան տակ այս գործունեության մասին ծանուցումները վերածվել են խաբեբաների համար գործիքի, որի միջոցով նրանք վնասակար հղումներով նամակներ են ուղարկում հազարավոր մարդկանց։

R-Vision-ի տեղեկատվական անվտանգության վերլուծաբան Նոյ Թորոսյանը «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է, որ YouTube-ը վիդեոհոսթինգի ամենամեծ ծառայությունն է աշխարհում՝ ամսական ավելի քան 2,5 միլիարդ լսարանով։ Ըստ նրա՝ հենց սա էլ վիդեոհոսթինգը գրավիչ է դարձնում հարձակվողների համար, որոնք ֆինանսական շահ են փնտրում հեշտ գումար առաջարկելու քողի տակ:

Բացի դրանից՝ YouTube-ը հաճախ ասոցացվում է բովանդակություն ստեղծելու միջոցով գումար աշխատելու հնարավորության հետ, ինչը կարող է գրավել գումար աշխատելու հեշտ ճանապարհ փնտրող մարդկանց ուշադրությունը, ասել է մասնագետը։

 


 
 
 
 
  • Արխիվ