Ինչպե՞ս է Apple-ն արձագանքել լուրին, որ iPhone 12-ում ճառագայթումը նորմայից շատ է և վտանգավոր

15 սեպտեմբերի, 2023  18:23

iPhone 12 սմարթֆոնները վտանգավոր աստիճանի էլեկտրամագնիսական ճառագայթում են պարունակում, ինչի պատճառով նախատեսվում է արգելել դրանց վաճառքը Ֆրանսիայում։ Apple-ի տեխնիկական սպասարկման անձնակազմն այս կապակցությամբ ստացել է հատուկ հրահանգներ․ նրանց խորհուրդ են տվել հետաքրքրվող օգտատերերին որևէ տեղեկություն չտրամադրել այս թեմայով և տալ խուսափողական պատասխաններ։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ներքին աղբյուրներից ստացված տեղեկությունը, Apple-ը հստակ հրահանգներ է տվել իր տեխնիկական աջակցությանը. եթե հաճախորդը հարցնի iPhone 12-ի էլեկտրամագնիսական ճառագայթման ստանդարտները գերազանցելու վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության հայտարարությունների մասին, տեխնիկական աջակցության աշխատակիցը պետք է պատասխանի, որ ասելիք չունի դրա մասին։ Աշխատակիցները պետք է նաև մերժեն սմարթֆոնը վերադարձնելու կամ փոխարինելու վերաբերյալ հաճախորդների խնդրանքը, եթե այն գնել են ավելի քան երկու շաբաթ առաջ:

iPhone 12-ի անվտանգության վերաբերյալ հարցերին տեխնիկական աջակցության անձնակազմին խորհուրդ է տրվում պատասխանել, որ Apple-ի բոլոր արտադրանքները ենթարկվում են թեստավորման, ինչը երաշխավորում է, որ դրանք վստահելի են և անվնաս։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը Apple-ին երկու շաբաթ ժամանակ էր տվել iPhone 12-ի ճառագայթման հետ կապված խնդիրը շտկելու համար: Սակայն ամերիկյան ՏՏ կորպորացիան բողոքել էր Ֆրանսիայի հայտարարությունների դեմ, թե սմարթֆոնը գերազանցում է ճառագայթման միջազգային չափանիշները: Փոխարենը ընկերությունը հայտարարեց խնդրի լուծման համար եվրոպական երկրի հետ համագործակցելու մտադրության մասին և խոստացավ տրամադրել սեփական լաբորատոր հետազոտությունների արդյունքները։

Ըստ Bloomberg-ի՝ iPhone 12-ի մասին Ֆրանսիայի կառավարության հայտարարությունից հետո խնդրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Եվրամիության այլ երկրներ, ինչպիսիք են Բելգիան և Գերմանիան։


 
 
 
 
  • Արխիվ