Հզոր S9 չիպ, հին դիզայն, սակայն նոր գործառույթներ. Apple-ը ներկայացրել է Watch Ultra 2-ը

13 սեպտեմբերի, 2023  14:41

Wonderlust միջոցառման ժամանակ Apple-ը iPhone 15 սերիայի սմարթֆոնների և Watch Series 9 ժամացույցի հետ միասին ներկայացրել է նորագույն Apple Watch Ultra 2 խելացի ժամացույցը՝ նախատեսված մարզիկների և ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար։ Նոր ժամացույցը, ինչպես և դրանց նախորդը, չի վախենում եղանակային բարդ պայմաններից և ունի մի շարք բարելավված բնութագրեր, թեև այս խելացի ժամացույցի դիզայնը չի փոխվել։

Apple Watch Ultra 2-ի կորպուսը պատրաստված է դիմացկուն տիտանից, իսկ շափյուղայից ապակին պաշտպանում է էկրանը վնասվածքներից։ Ժամացույցն ունի Retina LTPO OLED էկրան՝ Always-on ֆունկցիայով, որն ապահովում է 3000 քդ/մ² պայծառություն՝ պատկերը դարձնելով պարզ և ընթեռնելի նույնիսկ արևի պայծառ լույսի ներքո: Նոր Modular Ultra թվատախտակը թույլ է տալիս իրական ժամանակում ցուցադրել մի շարք տվյալներ, ներառյալ վայրկյանները, բարձրությունը կամ խորությունը: Այն իդեալական է սպորտով զբաղվելու և բացօթյա տարածքում ակտիվ հանգստի, ինչպես նաև ջրում և օվկիանոսում սպորտով զբաղվելու համար: Բացի դրանից, այն ունի գիշերային ռեժիմ, որն ավտոմատ միանում է մթության մեջ:

Apple Watch Ultra 2-2.jpg (49 KB)

Նոր խելացի ժամացույցը համալրված է հզոր Apple S9 չիպով, որն ապահովում է բարելավված կատարողականություն։ Նախորդ մոդելի համեմատ՝ այս չիպում տրանզիստորների թիվն ավելացել է 60%-ով, ինչը Apple Watch Ultra 2-ը 30%-ով ավելի արագագործ է դարձնում։ Այս չիպն ունի նաև քառամիջուկ նեյրոնային շարժիչ, որն աշխատում է երկու անգամ ավելի արագ և օգնում է կատարել արհեստական ​​բանականության առաջադրանքները։

Մեկ այլ էական առանձնահատկություն է այն, որ ժամացույցն ունի երկրորդ սերնդի Apple U2 գերլայնաշերտ չիպ: Դրա շնորհիվ հնարավոր է ավելի ճշգրիտ որոշել ձեր iPhone-ի գտնվելու վայրը, այն նաև ունի Precision Finding ֆունկցիայի աջակցություն, որն օգնում է հեշտությամբ գտնել կորցրած իրերը՝ օգտագործելով ձայնային, տեսողական և շոշափելի ազդանշաններ, ինչպես նաև նշում է որոնման ուղղությունը և մինչև կորցրած իրը եղած հեռավորությունը։

Apple-Watch-Ultra-2-3.jpg (60 KB)

Apple Watch Ultra 2-ն ունի նաև նաև կրկնակի հպման նորարարական ժեստի աջակցություն, որը թույլ է տալիս օգտվողին կատարել մի շարք գործողություններ (պատասխանել զանգին, դադարեցնել զանգը, անջատել զարթուցիչը և կառավարել երաժշտությունը)՝ ցուցամատով և բութ մատով կատարելով կրկնակի հպում: Այս ժեստի ֆունցկիոնալությունն ապահովում է բարելավված նեյրոնային շարժիչը, որը մշակում է արագացուցչի, գիրոսկոպի և սրտի զարկերի օպտիկական տվիչի տվյալները՝ օգտագործելով մեքենայական ուսուցման նոր ալգորիթմ: Apple-ը վստահեցնում է, որ կրկնակի հպման ժեստի աջակցությունը հասանելի կլինի հաջորդ ամիս:

Apple-Watch-Ultra-2-double-tap-gesture.jpg (31 KB)

Ժամացույցն աշխատում է watchOS 10 օպերացիոն համակարգով, որն առաջարկում է թարմացված հավելվածներ, նոր Smart Stack վիջեթ և մի շարք հնարավորություններ բնության ուսումնասիրության համար:

Apple Watch Ultra 2-ի մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 36 ժամ նորմալ օգտագործման և մինչև 72 ժամ ցածր էներգասպառման ռեժիմում:

Կարևոր է նշել, որ Watch Ultra 2-ի արտադրությունը 100%-ով ածխածնաչեզոք է, ինչը նույնպես շատ արդիական է այսօր։

Apple Watch Ultra 2-ի գինն սկսվում է 799 դոլարից։ Նոր ժամացույցի նախապատվերը հասանելի է արդեն ավելի քան 40 երկրի օգտատերերի, իսկ խանութներում ժամացույցը կհայտնվի սեպտեմբերի 22-ից։


 
 
 
 
  • Արխիվ