X-ը կրկին թույլ կտա քաղաքական գովազդը և սկսել է նոր աշխատողներ ներգրավել ընտրությունների հարցերով զբաղվող թիմում

30 օգոստոսի, 2023  14:24

X-ը (նախկին Twitter) 2019-ից ի վեր առաջին անգամ կրկին թույլ կտա քաղաքական գովազդ ցուցադրել իր հարթակում և 2024-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ արդեն սկսել է նոր աշխատակիցներ ներգրավել անվտանգության և ընտրությունների հարցերով զբաղվող թիմերում աշխատելու համար։

«Ներկայումս մենք ընդլայնում ենք մեր անվտանգության և ընտրությունների հարցերով զբաղվող թիմերը՝ կենտրոնանալու մանիպուլյացիայի դեմ պայքարի, կեղծ օգտահաշիվների բացահայտման և պլատֆորմում ի հայտ եկող սպառնալիքները մանրակրկիտ մշտադիտարկելու վրա»,- ասվում է ընկերության բլոգային գրառման մեջ, որում նաև ներկայացվում են քաղաքական խոսույթի վերաբերյալ և քարոզարշավի սեզոնին ընդառաջ ընտրողների մանիպուլյացիաները կանխելու հարցում ընկերության մոտեցումները։

X-ն այս հայտարարությունն անում է հարթակում ամիսներ շարունակ փոփոխություններ կատարելուց հետո, երբ ընկերության ղեկավարումն անցած տարվա աշնանն ստանձնեց Իլոն Մասկը։ Վերջինս անմիջապես աշխատանքից ազատեց ընկերության անձնակազմի հսկայական մասը, այդ թվում՝ անվտանգության, հարթակում մանիպուլյացիաները կանխելու և ընտրական քաղաքականության համար պատասխանատու շատ աշխատակիցների: (Մասկը հետագայում պարծենում էր, որ կրճատել է ընկերության աշխատակիցների մոտ 80%-ը):

Ընկերության հայտարարության համաձայն՝ հարթակը կշարունակի կիրառել իր քաղաքացիական ազնվության քաղաքականությունը, որն արգելում է հարթակի օգտագործումը «ընտրություններին մանիպուլյացիաների կամ միջամտության» համար՝ ներառյալ բովանդակության տեղադրումը, որը կարող է մոլորեցնել մարդկանց, թե ինչպես, երբ և որտեղ մասնակցել ընտրություններին։

«Մենք թարմացնում ենք այս քաղաքականությունը՝ համոզվելու համար, որ ճիշտ հավասարակշռություն ենք պահպանում՝ քաղաքական բանավեճերը չգրաքննելու և բովանդակության ամենավնասակար տեսակների դեմ պայքարելու միջև, որոնք կարող են վախեցնել կամ խաբել մարդկանց, որպեսզի հրաժարվեն քաղաքացիական գործընթացին մասնակցելու իրենց իրավունքից»,- ասվում է X-ի հայտարարությունում։

Հարթակը կավելացնի հանրային պիտակներ այն հրապարակումներին, որոնք խախտում են քաղաքացիական անձեռնմխելիության քաղաքականությունը և օգտատերերին կտեղեկացնի, երբ սահմանափակի հասանելիությունը նման բովանդակությանը։

Twitter-ն քաղաքական գովազդն արգելել էր 2019-ին, երբ սոցցանցը, ինչպես նաև այլ սոցցանցեր, խիստ քննադատության արժանացան ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը թույլ տալու համար:


 
 
 
 
  • Արխիվ