Արեգակնային համակարգում կա՞ Իններորդ մոլորակ. գիտնականները նոր ապացույցներ են գտել

29 ապրիլի, 2024  22:14

Քանի՞ մոլորակ կա իրականում Արեգակնային համակարգում: Այս մասին վեճերը դեռ շարունակվում են։ Այնուամենայնիվ, վերջերս գիտնականները գտել են Արեգակնային համակարգում խորհրդավոր Իններորդ մոլորակի գոյության մասին ապացույցներ:

Շատ աստղագետներ տարիներ շարունակ պնդում են, որ Արեգակնային համակարգի եզրին որոշ արտասովոր երևույթներ, ներառյալ որոշ օբյեկտների ուղեծրերը, լավագույնս բացատրվում են այնտեղ չբացահայտված մոլորակի առկայությամբ:

Այժմ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետ Կոնստանտին Բատիգինը վստահեցնում է, որ ինքը և իր գործընկերներն ավելի շատ ապացույցներ են գտել, որ մոլորակը գոյություն ունի: Նրանց համատեղ աշխատանքը, նրա խոսքով, ներկայացնում է «Իններորդ մոլորակի գոյության մասին ամենաազդեցիկ վիճակագրական ապացույցը»:

Նոր աշխատանքում գիտնականները դիտարկել են մի շարք տրանսնեպտունային օբյեկտներ, որոնք տեղակայված են Արեգակնային համակարգի եզրին՝ Նեպտունից այն կողմ: Նրանց առաջին հերթին հետաքրքրում էին այն օբյեկտները, որոնց շարժումն անկայուն էր դարձել Նեպտունի ուղեծրի հետ փոխազդեցության պատճառով։ Այս անկայունությունը դժվարացնում է այս օբյեկտների հետ աշխատանքը, ուստի, որպես կանոն, աստղագետները, որոնք փնտրում են հնարավոր Իններորդ մոլորակը, խուսափում են դրանք իրենց վերլուծությունում ներառելուց:

Նոր հետազոտության հեղինակները փորձել են հասկանալ այդ օբյեկտների շարժումները։ Եվ, ըստ բժիշկ Բատիգինի, դրանց շարժումների լավագույն բացատրությունն այն է, որ դրանք ենթարկվում են մեկ այլ, անհայտ մոլորակի ազդեցությանը։

Թիմը մի շարք սիմուլյացիաներ է արել՝ հասկանալու համար, թե ինչպես են այս օբյեկտների ուղեծրերի վրա ազդել տարբեր գործոններ, այդ թվում՝ Նեպտունը, «գալակտիկական մակընթացությունը», որն սկիզբ է առնում Ծիր Կաթինից և այսպես կոչված, անցող աստղերը (աստղեր, որոնք «անցնում են» Արեգակնային համակարգի կողքով)։

Բժիշկ Բատիգինի խոսքով՝ տրանսնեպտունյան օբյեկտների շարժումների լավագույն բացատրությունը տվել է մոդելը, որը ներառում էր Իններորդ մոլորակը:

Գիտնականների կարծիքով՝ Իներրորդ մոլորակի գոյությունը հաստատել կամ հերքել կկարողանա «Վերա Ռուբին (Vera C Rubin) աստղադիտարանը, որը ներկայումս կառուցվում է Չիլիում։ Գործարկվելուց հետո աստղադիտարանը կօգնի ավելի լավ հասկանալ այս հեռավոր օբյեկտների վարքագիծը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ