Թողարկումից առաջ հրապարակվել են Samsung-ի երկար սպասված սմարթֆոնի բնութագրերը

23 օգոստոսի, 2023  20:17

Samsung-ը պատրաստվում է թողարկել նոր Galaxy S23 FE ենթաֆլագմանային սմարթֆոնը, որը կներկայացվի սեպտեմբերին։ Այս մասին X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում գրել է հեղինակավոր ինսայդեր Յոգեշ Բրարը՝ հրապարակելով սարքի մանրամասն բնութագրերը։

Samsung Galaxy S23 FE-ն կունենա 6,4 դյույմանոց Full HD+ Dynamic AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ: Կախված տարածաշրջանից՝ սմարթֆոնը կաշխատի Snapdragon 8 Gen 1 կամ Exynos 2200 չիպերով։

Սարքի հիմնական տեսախցիկը բաղկացած կլինի երեք մոդուլից՝ 50 ՄՊ օպտիկական կայունացմամբ մոդուլ, 8 ՄՊ գերլայնանկյուն ոսպնյակ և 12 ՄՊ մոդուլ՝ հեռաֆոտո ոսպնյակով: Առջևի տեսախցիկը կստանա 10 ՄՊ լուծաչափ։

Galaxy S23 FE-ի 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը կունենա 25 Վտ արագ լիցքավորման, ինչպես նաև անլար լիցքավորման աջակցություն։

Նշվում է, որ սմարթֆոնը պաշտպանված կլինի ջրից ու փոշուց և կաշխատի Android 13 օպերացիոն համակարգով՝ սեփական One UI 5.1 ինտերֆեյսով։ Ենթադրվում է, որ Samsung-ը նորույթի համար այնուհետև կթողարկի Android-ի չորս հիմնական թարմացումներ և հինգ տարի շարունակ սմարթֆոնը կապահովի անվտանգության շտկումներով։ Սարքի գինը դեռ չի հաղորդվում։

FE (Fan Edition) շարքի վերջին Samsung սմարթֆոնը Galaxy S21 FE-ն էր, որը թողարկվել էր 2022-ի սկզբին։ Այդ ժամանակվանից անհայտ պատճառներով ընկերությունը հետաձգել է FE շարքի այլ սարքերի թողարկումը, թեև թողարկել է այս շարքի պլանշետներ։ Այս սարքերը շատ տարածված են եղել Samsung-ի օգտատերերի շրջանում՝ շնորհիվ դրանցում կիրառվող առաջատար սարքավորումների և ավելի ցածր գնի՝ համեմատած Galaxy S շարքի հին սմարթֆոնների հետ:


 
 
 
 
  • Արխիվ