X/Twitter-ում խնդիրնե՞ր կան. Իլոն Մասկը փորձում է վերադարձնել գովազդատուներին, գործի են դրվել զեղչեր և սպառնալիքներ

27 հուլիսի, 2023  22:19

Իլոն Մասկը ջանք չի խնայում գովազդատուներին իր Twitter հարթակ վերադարձնելու համար, որը վերջերս անվանափոխվել է X-ի: Փորձելով գրավել նրանց ուշադրությունն ու հետաքրքրությունը՝ ընկերությունը առատաձեռն զեղչեր է առաջարկում գովազդային ծառայությունների համար և նույնիսկ օգտագործում է սպառնալիքի ռազմավարություն՝ զգուշացնելով, որ ընկերությունների էջերից կհեռացնի ոսկե ստուգանիշերը, եթե դրանք ակտիվություն չցուցաբերեն և չսկսեն գումար ծախսել գովազդի վրա։

Գովազդատուներին առաջարկվում է 50 տոկոս զեղչ որոշակի տեսակի գովազդի համար՝ 24 ժամվա ընթացքում X-ում ամենաքննարկվող թեմաներում ցուցադրվելու հնարավորությամբ: Զեղչը գործում է մինչև հուլիսի 31-ը։ Սակայն ընկերությունը նաև վերջնաժամկետ է սահմանել օգոստոսի 7-ը․ մինչ այդ գովազդատուները պետք է սկսեն գումար ծախսել հարթակում՝ իրենց ոսկե ստուգանիշերը պահպանելու համար: Դրա համար ընկերությունը սահմանել է ծախսերի նվազագույն գումարներ՝ $1000 վերջին 30 օրվա, կամ $6000 վերջին 180 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը, անցած տարեվերջին դառնալով Twitter-ի սեփականատեր, բախվեց գովազդատուների բացասական արձագանքին, որոնք մտահոգված էին հարթակում իրենց ապրանքանիշերի անվտանգությամբ: Գովազդը երկար ժամանակ եղել է Twitter-ի եկամտի հիմնական աղբյուրը, և գովազդատուների հեռանալը լուրջ խնդիր դարձավ ընկերության համար։

Օգտատերերի կողմից օրական դիտվող հաղորդագրությունների քանակի հուլիսյան սահմանափակումները նույնպես բացասաբար ազդեցին գովազդատուներին ներգրավելու փորձերի վրա։ Ընկերության նոր գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն ցանկանում է վերականգնել գովազդատուների վստահությունը, սակայն մի քանի հիմնական ղեկավարների հեռանալը և գովազդից եկամուտների նվազումը լրացուցիչ մարտահրավերներ են ստեղծում ընկերության համար:


 
 
 
 
  • Արխիվ