Ինչպե՞ս ճիշտ պատասխանել անծանոթ հեռախոսահամարների զանգերին խաբեբաների զոհը չդառնալու համար

19 հուլիսի, 2023  20:13

Հեռախոսային խարդախությունները վերջին շրջանում գնալով ավելի հաճախակի են դառնում։ Ինչպե՞ս պետք է վարվել, որպեսզի չդառնաք հեռախոսային խաբեբաների զոհը, եթե ձեզ զանգում են անծանոթ հեռախոսահամարից։

Բոտեր

Խաբեբաների զոհը չդառնալու համար անծանոթ համարներից զանգերին խորհուրդ է տրվում պատասխանել միայն երկրորդ անգամ զանգն ստանալու դեպքում։ Նման խորհուրդ է տալիս անվտանգության մասնագետ Պավել Կորոստելևը։

Նրա խոսքով, եթե զանգին պատասխանեք միայն երկրորդ անգամ, դա կօգնի համոզվել, որ պատասխանում եք ոչ թե բոտին, այլ բաժանորդների զանգին. եթե անհայտ համարից զանգը ստացվել է միայն մեկ անգամ, ապա մեծ հավանականությամբ ձեզ զանգել է բոտը։

Փորձագետի խոսքով՝ խաբեբաները պարբերաբար են գործարկում նման բոտեր, որպեսզի ստուգեն, թե իրենց տրամադրության տակ հայտնված հեռախոսահամարների բազայից որոնք են գործող հեռախոսահամարներ։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս այնուհետ օգտագործել ակտիվ հեռախոսահամարները նոր զոհեր գտնելու համար:

Այս բոտերը սովորաբար երկրորդ անգամ չեն զանգում, և եթե չեք պատասխանում, ապա դրանք ձեր հեռախոսահամարը պարզապես գրանցում են «մեռած» հեռախոսահամարների ցուցակում։

Երբ ​​բոտն է զանգում, ապա այն ասում է ինչ-որ արտահայտություն և անջատում է կապը։ Մասնագետը խորհուրդ է տալիս հետ չզանգահարել այս համարին: Ընդհակառակը, հարկավոր է արգելափակել այն հեռախոսահամարը, որից նման զանգ է ստացվել։

Մարդիկ

Եթե ​​ձեզ զանգահարում է ոչ թե բոտ, այլ անծանոթ մարդ, NEWS.am Tech-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս զգուշություն ցուցաբերել շփման ժամանակ։ Փորձեք նախ և առաջ հաստատել զանգահարողի ինքնությունը. Խնդրեք, որ նշի իր և իր կազմակերպության անունը, ասեք, որ հետ կզանգեք այդ կազմակերպության պաշտոնական համարով (հավանաբար այն կարող եք գտնել համացանցում):

Որևէ պարագայում զանգահարողին մի՛ տրամադրեք անձնական կամ ֆինանսական տեղեկություն (սոցիալական ապահովության քարտի համար, բանկային հաշվի տվյալներ կամ գաղտնաբառեր), անկախ նրանից, թե ինչպես է ներկայացել զանգահարողը: Ո՛չ բանկերի, ո՛չ էլ ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատակիցները, ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ որևէ մեկը իրավունք չունի ձեզնից հեռախոսով պահանջել անձնական և առավելևս՝ ֆինանսական տեղեկություններ։

Հրատապ կամ սպառնացող խնդրանքներին պետք է վերաբերվել թերահավատությամբ. խաբեբաները հաճախ են օգտագործում բարձր ճնշման տակտիկաներ՝ հրատապության կամ վախի զգացում ստեղծելու համար: Զգուշացե՛ք զանգերից, որոնք պահանջում են անհապաղ գործողություններ, կամ առաջարկում են չպահանջված մրցանակներ կամ ծառայություններ, կամ զանգեր, որոնց դեպքում սպառնում են իրավական հետևանքներով: Նաև պետք է հիշել, որ օրինական կազմակերպությունները սովորաբար կարևոր տեղեկությունները հաղորդում են գրավոր նամակագրության միջոցով:

Նաև վատ չի լինի, որ ավելի շատ տեղեկություններ ստանաք այն մասին, թե ինչ տեսակի խարդախություններ են տարածված տարածաշրջանում, որտեղ ապրում եք: Իհարկե, խաբեբաները անընդհատ թարմացնում և բարելավում են իրենց մարտավարությունը, բայց եթե լավ պատկերացում ունեք, թե ինչպես են նրանք սովորաբար գործում, ձեզ ավելի դժվար կլինի խաբել։ 


 
 
 
 
  • Արխիվ