Քանի՞ տարեկան են Սատուրնի օղակները և որքա՞ն դրանք դեռ կգոյատևեն

18 մայիսի, 2023  20:09

Սատուրն մոլորակի օղակները ձևավորվել են համեմատաբար վերջերս՝ ոչ ավելի, քան 100-400 միլիոն տարի առաջ: Բայց դրանց «կյանքի» մոտ կեսն արդեն անցել է, և 15-400 միլիոն տարի հետո դրանք կարող են իսպառ անհետանալ։

Այս եզրակացություններին են հանգել եվրոպացի և ամերիկացի մի խումբ հետազոտողներ, որոնք Սատուրնի օղակների տարիքը հաշվարկելու համար օգտագործել են Cassini տիեզերական զոնդի տվյալները։ Հաշվի են առնվել օղակների ընդհանուր զանգվածը, միկրոմետեորիտներով տեղափոխվող մասնիկների համամասնությունը, օղակների միջև մասնիկների փոխանակումը, միկրոմետեորիտների կողմից օղակներին հասցվող հարվածների առանձնահատկությունները և շատ այլ գործոններ։ Գիտնականների հաշվարկները նկարագրված են Science Advances և Icarus ամսագրերում հրապարակված հոդվածներում։

Սատուրնի օղակները հիմնականում կազմված են ջրային սառույցից։ Ճիշտ է, մինչ այժմ գիտնականները չեն կարող համաձայնության գալ, թե երբ և ինչպես են դրանք առաջացել։ Վարկածներից մեկի համաձայն՝ դրանք առաջացել են նախամոլորակային սկավառակից բուն մոլորակի հետ միաժամանակ, մյուսի համաձայն՝ առաջացել են երկնաքարի կամ այլ խոշոր օբյեկտի հետ մեծ արբանյակի բախման արդյունքում։ Կարծիք կա նաև, որ Սատուրնը կարող էր աստիճանաբար կլանել իր արբանյակներին, մինչդեռ ավելի թեթև ջրային բաղադրիչը մնացել է ուղեծրում։

Եթե, այնուամենայնիվ, օղակների տարիքի հաշվարկը ճիշտ է, դա նշանակում է, որ պետք է հրաժարվել օղակների՝ նախամոլորակային սկավառակից ծագման վարկածից։

Ըստ գիտնականների՝ Սատուրնի օղակներն այժմ զանգվածը կորցնում են հսկայական արագությամբ (ներքին օղակից դեպի Սատուրն ներհոսքի արագությունը 4800-ից մինչև 45,000 կգ է վայրկյանում), մինչդեռ միկրոմետեորիտների պատճառով ընդհանուր զանգվածի ներհոսքը չի փոխհատուցում այս կորուստները, քանի որ դրսից եկող նյութի միայն մոտ 10%-ն է մնում օղակներում։  

Ըստ գիտնականների հաշվարկների՝ օղակների տարիքային միջակայքի բազմակի տարբերությունը կախված է միկրոմետեորիտների բնութագրերից՝ դրանց պարունակած ջրի չափից և ծավալից։ Օղակների ստորին տարիքային շեմը մոտ 100–120 մլն է։ Նույնը վերաբերում է դրանց անհետացմանը։ Կախված միկրոմետեորիտների չափերից և դրանց հարվածների ինտենսիվությունից՝ օղակների անհետացման ստորին շեմը կազմում է մոտ 15 միլիոն տարի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ