Samsung-ը ծալովի նոր սմարթֆոններ կներկայացնի. թողարկման ամսաթիվն արդեն հայտնի է

16 մայիսի, 2023  20:07

Samsung-ը կներկայացնի ծալովի երկու նոր սմարթֆոն՝ Galaxy Z Fold5-ը և Galaxy Z Flip5-ը: Դրանց թողարկման ժամկետն արդեն հայտնի է, և դա սպասվածից ավելի վաղ տեղի կունենա․ ընկերությունը Galaxy Z սերիայի սարքերը սովորաբար ցուցադրում է օգոստոսին, սակայն այս տարի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 26-ին։

Ինչպես տեղեկացնում է SamMobile կայքը, նոր սարքերի վաղ թողարկումը կարող է պայմանավորված լինել կիսահաղորդչային չիպերի դանդաղ վաճառքով, ինչը մեծապես ազդել է Samsung-ի շահույթի վրա։ Ամենայն հավանականությամբ, Samsung-ը փորձում է ավելի շուտ թողարկել ծալովի հեռախոսների հաջորդ սերունդը, որպեսզի 2023-ի երրորդ եռամսյակի եկամուտն ավելի ընդունելի լինի։

Ակնկալվում է, որ Samsung-ի նոր ծալվող սմարթֆոնները կունենան ջրի կաթիլի տեսք ունեցող ծխնիներ, որոնք էկրանի մեջտեղի ծալքը ավելի քիչ նկատելի դարձնելու համար նորարարական տեխնոլոգիա են օգտագործում: Սպասվում է, որ սարքերը կունենան նաև Snapdragon 8 Gen 2 պրոցեսորներ: Սմարթֆոնները նաև կպահպանեն ջրադիմացկունության IPX7 վարկանիշը:

Նոր ծալովի սարքերի շնորհանդեսը տեղի կունենա Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, իսկ վաճառքը կարող է սկսվել արդեն օգոստոսի 11-ին։

Նշենք, որ Samsung-ը երեկ ներկայացրել է երկու ամուր սմարթֆոն՝ Galaxy S23 Tactical Edition-ը և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ը։ Դրանք նախատեսված են զինվորականների համար և ոգեշնչված են 2020-ին թողարկված Galaxy S20 Tactical Edition-ի հաջողությունից, որը դեռ օգտագործում են ԱՄՆ պաշտպանության նախարարության հազարավոր աշխատակիցներ։ 


 
 
 
 
  • Արխիվ