Ի՞նչ գաղտնաբառեր են օգտագործվում ամենաշատը և ինչո՞ւ դրանցից շատերը հնարավոր է կոտրել ընդամենը 1 վայրկյանում

3 մայիսի, 2023  18:11

Հուսալի գաղտնաբառերի օգտագործման կարևորության մասին խոսվել է բավականին երկար ժամանակ, բայց շատերը շարունակում են օգտագործել պարզունակ գաղտնաբառեր, որոնք կոտրելու համար հաքերից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի: NordPass-ը և դրա հետ համագործակցող հետազոտողները մշակել են ավելի քան 3TB տվյալներ և հայտնաբերել 200 ամենատարածված գաղտնաբառերը:

Տարօրինակ կերպով ավելի քան մեկ տասնամյակ այս ցուցակում դեռ շարունակում են լինել այնպիսի գաղտնաբառեր, ինչպիսիք են «123456», «guest», «qwerty», «abc123» և այլն: Փորձագետների կարծիքով՝ ցուցակի գաղտնաբառերի 83%-ը հնարավոր է կոտրել մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։

Բացի տառերի և թվերի պարզ համակցություններից, մարդիկ գաղտնաբառեր են ստեղծում, որոնք կապված են սպորտի կամ նորաձևության վերջին իրադարձությունների հետ: Շատերը, օրինակ, որպես գաղտնաբառ օգտագործում են ամերիկյան պրոֆեսիոնալ սպորտային թիմերի (Detroit Red Wings, Boston Red Sox) անունների տարբերակները։

Ահա այսպիսի տեսք ունի ԱՄՆ-ում 20 ամենատարածված գաղտնաբառերի ցանկը․

  1. guest
  2. 123456
  3. password
  4. 12345
  5. a1b2c3
  6. 123456789
  7. Password1
  8. 1234
  9. abc123
  10. 12345678
  11. qwerty
  12. baseball
  13. football
  14. unknown
  15. soccer
  16. jordan23
  17. iloveyou
  18. monkey
  19. shadow
  20. g_czechout

Նույնիսկ եթե ձեր էլփոստը, բանկային հավելվածը կամ որևէ այլ կարևոր օգտահաշիվ պաշտպանող գաղտնաբառը այնքան պարզունակ չէ, որքան «guest»-ը, դա ամենևին էլ չի նշանակում, որ այն հեշտ չի լինի կոտրել: Home Security Heroes-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արհեստական բանականությունը կարող է 4-6 նիշ պարունակող գաղտնաբառերը կոտրել ընդամենը մի քանի վայրկյանում: ԱԲ-ից կպահանջվի ընդամենը մոտ 7 ժամ տարբեր տառեր, սիմվոլներ և թվեր պարունակող 8 նիշանոց գաղտնաբառը կոտրելու համար, իսկ 9 նիշ պարունակող գաղտնաբառի համար՝ երկու շաբաթ։

Եթե ​​ցանկանում եք, որ ձեր գաղտնաբառն անհնար լինի գուշակել կամ կոտրել, ապա այն պետք է բաղկացած լինի առնվազն 12 նիշից և պարունակի մեծատառ և փոքրատառ տառեր, թվեր և հատուկ նիշեր: Այս չափանիշներին համապատասխանող գաղտնաբառը կոտրելու համար ԱԲ-ից մոտ 30,000 տարի կպահանջվի: Իսկ թվեր, տառեր և հատուկ նիշեր պարունակող 18 նիշից բաղկացած գաղտնաբառն ընդհանրապես համարվում է անկոտրելի. այն կոտրելու համար ԱԲ-ից 6 կվադրիլիոն տարի կպահանջվի:

Օգտահաշիվները պաշտպանելու համար նաև խորհուրդ է տրվում․

  • Օգտագործել երկաստիճան նույնականացում 2FA/MFA (ցանկալի է ոչ SMS-ի միջոցով);
  • Չօգտագործել նույն գաղտնաբառը տարբեր օգտահաշիվների համար,
  • Պարբերաբար թարմացնել գաղտնաբառերը, հատկապես կոնֆիդենցիալ օգտահաշիվների համար,
  • Զերծ մնալ հանրային Wi-Fi օգտագործելուց, հատկապես ֆինանսական գործարքների համար,
  • Հնարավորության դեպքում առանձնապես կարևոր օգտահաշիվների համար կարելի է նաև օգտագործել անվտանգության ֆիզիկական բանալիներ:

 
 
 
 
  • Արխիվ