ՆԱՍԱ-ի առաքելությունը հաջողվել է. DART զոնդը կարողացել է փոխել Դիմորֆ աստղակերպի ուղեծիրը

12 հոկտեմբերի, 2022  10:11

DART (Double Asteroid Redirection Test) առաքելության շրջանակում Դիմորֆ աստղակերպին բախվելուց հետո թռչող սարքը հաջողությամբ փոխել է դրա ուղեծիրը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը։

Իսկ դա նշանակում է, որ այժմ կարելի է հանգիստ քնել, քանի որ մարդկությունն արդեն գիտի, թե անհրաժեշտության դեպքում ինչպես հնարավոր կլինի պաշտպանել Երկիրը աստղակերպերի հետ հնարավոր բախումից։

NASA DART mission

Դիմորֆը DART զոնդի հետ բախվելուց հետո

Դիմորֆ աստղակերպը պտտվում է Դիդիմ աստղակերպի շուրջը, դրա պտույտի ժամանակահատվածը մինչև DART զոնդի հետ բախումը կազմել է 11 ժամ 55 րոպե։ Սեպտեմբերի 26-ին թռչող սարքը բախվեց աստղակերպին, և այդ պահից ի վեր գիտնականները հետևում են դրա ուղեծրի և արագության փոփոխություններին՝ օգտագործելով օպտիկական աստղադիտակների տվյալները ամբողջ աշխարհում, ինչպես նաև ռադարային պատկերներ:

Արդյունքները, ինչպես պարզվեց, գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Գիտնականների կարծիքով՝ բախումը աստղակերպի պտտման ժամանակը պետք է փոխեր մոտ 73 վայրկյանով, սակայն իրականում այն ​​փոխվել է 32 րոպեով և այժմ մեկ լիարժեք պտույտը տևում է 11 ժամ 23 րոպե։

Գիտնականներն ամեն օր նոր տվյալներ են ստանում, որոնք կօգնեն բարելավել չափումների ճշգրտությունը։ Առայժմ հաշվարկներում սխալականության մարժան գնահատվում է երկու րոպե։

Ի՞նչ է նշանակում այս ամենը

Այս առաքելության արդյունքները կարելի է շրջադարձային համարել մոլորակների պաշտպանության պատմության մեջ, քանի որ դրանք ցույց տվեցին, որ թռչող սարքի հետ բախումն իրականում կարող է փոխել աստղակերպի ընթացքը։

Ո՛չ Դիմորֆը, ո՛չ Դիդիմը վտանգ չէին ներկայացնում Երկրի համար, սակայն Դիմորֆի ընթացքի փոփոխությունը ցույց տվեց, որ ապագայում, եթե մեր մոլորակի համար վտանգավոր աստղակերպ հայտնվի, DART-ի նման զոնդով հարվածը կփոխի դրա ուղեծիրը՝ այդպիսով պաշտպանելով մեզ դրա հետ բախվելուց։ 

Որոշ գիտնականներ, սակայն, այս մասին խոսում են որոշակի զգուշությամբ։ Թեև առաքելությունը հաստատեց, որ NASA-ն ունի տեխնոլոգիա՝ Երկիրը պաշտպանելու վտանգավոր աստղակերպերի հարվածից, նրանք ասում են, որ չկա 100% վստահություն, որ ապագայում այն կաշխատի այնպես, ինչպես հարկավոր է:

«Մենք չպետք է շատ շտապենք և ասենք, որ մեկ աստղակերպի վրա մեկ փորձարկումը կարող է ցույց տալ, թե նմանատիպ իրավիճակում ինչ վարքագիծ կդրսևորի ցանկացած այլ աստղակերպ»,- ասում է ՆԱՍԱ-ի կենտրոնակայանի Գիտական ​​առաքելության գրասենյակի մոլորակագիտության բաժնի գիտնական Թոմ Ստատլերը:

Ինչպես իր հերթին նշել է Ջոն Հոփկինսի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի՝ DART-ի համակարգման բաժնի ղեկավար Նենսի Շաբոն, եթե մի օր Երկրին վտանգավոր աստղակերպ սպառնա, ապա անհրաժեշտ կլինի հենց այդ աստղակերպի ընդլայնված ուսումնասիրություններ կատարել, իսկ զոնդով դրան հարվածելը կազմակերպել հնարավորինս շուտ՝ Երկրի հետ սպասվող բախումից տարիներ առաջ։

Սակայն դեռ վաղ է, որ սկսենք անհանգստանալ այն պատճառով, որ եթե ինչ-որ նման բան պատահի, ապա ՆԱՍԱ-ից տարիներ կպահանջվեն աստղակերպին իր ընթացքից շեղելու համար: Կազմակերպությունը ակտիվորեն գույքագրում է բոլոր աստղակերպերը, և ըստ առկա տվյալների, մեզ հայտնի աստղակերպերի միայն 40%-ն է բավականաչափ մեծ (մոտ 140 մետր), որպեսզի կարողանա Երկրին տարածաշրջանային վնաս պատճառել: Իսկ դրանցից ոչ մեկի հետ բախումներ տեսանելի ապագայում չեն սպասվում։

Հաջորդ առաքելությունները

Այժմ ՆԱՍԱ-ի գիտնականները նախատեսում են պարզել, թե աստղակերպին թռչող սարքի բախվելուց հետո դրանից բեկորների և փոշու արտանետումն ինչ դեր է խաղացել DART առաքելության մեջ։ Ենթադրվում է, որ այս արտանետումը կարող է զգալիորեն ազդել աստղակերպի արագության փոփոխության վրա՝ մոտավորապես այնպես, ինչպես փուչիկից արտանետվող օդը դրան մղում է ​առաջ:

Մոտ չորս տարի հետո Եվրոպական տիեզերական գործակալության Hera նախագիծը նախատեսում է ուսումնասիրել ինչպես Դիմորֆը, այնպես էլ Դիդիմը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու փոսին, որը գոյացել է DART զոնդի հետ բախման հետևանքով։ Նախատեսվում է նաև ճշգրիտ չափել Դիմորֆի զանգվածը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ