Կարելի՞ է արդյոք փոխել աստղակերպի ուղին՝ նրան հարվածելով. DART-ի առաքելությունը կփորձի պարզել դա

26 սեպտեմբերի, 2022  17:39

Կարելի՞ է արդյոք փոխել աստղակերպի ուղին, եթե նրան հարվածի թռչող սարքը։ Հարցի պատասխանը կտա NASA-ի նոր առաքելությունը. այսօր՝ սեպտեմբերի 26-ին, DART-ի առաքելության տիեզերասարքը կհարվածի Դիմորֆ աստղակերպին 24 000 կիլոմետր արագությամբ։

Ավտոբուսի չափեր ունեցող սարքը Երկրից արձակվել է 2021 թ. նոյեմբերին, եւ դրա գլխավոր նպատակը ոչ այնքան աստղակերպի ուղին փոխելն է, որքան պարզելը, թե կարելի է արդյոք պաշտպանել մեր մոլորակը վտանգավոր աստղակերպերից, եթե դրանց հարվածեն թռչող սարքերով։

Բախմանը հետեւելու են նաեւ «Հաբլ» եւ «Ջեյմս Ուեբ» տիեզերական հեռադիտակները, ընդ որում՝ վերջինի համար խնդիրը հեշտերից չի լինելու, չէ՞ որ սկզբում այն նախագծվել էր բոլորովին ոչ դրա համար։ Ինչ վերաբերում է «Հաբլ»-ին, ապա դիրքի պատճառով այն կարող է տեղի ունեցածը ցույց տալ աստղակերպի եւ թռչող սարքի բախումից 15 րոպե հետո միայն։

DART-Infographic.jpg (43 KB)

Բախումը կնկարահանի նաեւ LICIACube-ը՝ մինի տիեզերանավ, որը կոշիկի տուփի չափ ունի եւ ստեղծվել է Իտալիայի տիեզերական գործակալության եւ Argotec աերոտիեզերական ինժեներական ընկերության կողմից։ Սկզբում այն ամրացված էր թռչող սարքին, բայց վերջերս անջատվել է դրանից եւ հիմա ճամփորդում է ինքնուրույն, որպեսզի դառնա բախման վկան 55 կիլոմետր անվտանգ հեռավորությունից։ Ստացված բոլոր պատկերները Երկիր ուղարկելու համար LICIACube-ից կարող է մի քանի շաբաթ պահանջվել։

Դիմորֆը Երկրից 11 միլիոն կիլոմետր է հեռու, եւ չնայած համարվում է մեզ համեմատաբար մոտ աստղակերպ, Երկրի համար վտանգ այն այժմ չի ներկայացնում։ Դիմորֆն ավելի մեծ՝ 780 մետրանոց Դիդիմ աստղակերպի արբանյակն է, եւ այդ փաստը կհեշտացնի բախման արդյունքի չափումը. գիտնականները կկարողանան գնահատել՝ արդյոք հարվածի հետեւանքով կփոխվի Դիդիմի շուրջ Դիմորֆի պտույտի հետագիծը։

Պետք է հաշվի առնել, որ Դիմորֆ աստղակերպն իրականում բավական փոքր է, տրամագիծը մոտ 163 մետր է, եւ դրա բախումը Երկրի հետ, թեև էական սպառնալիք կներկայացնի, բայց մոլորակային մասշտաբի աղետ չի դառնա։

Թռչող սարքը, որը կբախվի դրան, նույնպես մեծ չէ՝ ընդամենը մոտ 1.2 մետր տրամագիծ ունի։ Չնայած այս ամենին՝ DART-ը յուրատեսակ առաքելություն է, որը կարող է  օգտակար շատ տեղեկություններ տալ գիտնականներին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ