Վաշինգտոնում երկու տղամարդ թալանել են Alderwood Mall առևտրի կենտրոնում գտնվող Apple Store-ը և գողացել 436 հատ iPhone՝ մոտ 500,000 ընդհանուր դոլար արժողությամբ:
Ինչպես տեղեկացնում է Macrumors.com-ը, տղամարդիկ կողոպուտին ստեղծագործաբար են մոտեցել․ նրանք խանութ են մտել դրա կողքին գտնվող Seattle Coffee Gear սրճարանի միջոցով։ Տղամարդիկ սրճարանի զուգարանի պատին անցք են բացել, որով էլ մտել են Apple Store-ի հետնասենյակ՝ շրջանցելով Apple Store անվտանգության համակարգը։

Չարագործներն այդ ամենն արել են գիշերը, երբ խանութում աշխատակիցներ չեն եղել։ Վերոնշյալ 436 սմարթֆոնները գողացել են խանութի հետնասենյակից՝ պատճառելով մոտ 500,000 դոլարի վնաս։
Seattle Coffee Gear-ի մենեջեր Էրիկ Մարքսն ասել է, որ իր մտքով անգամ չէր անցնում, որ որ իրենց սրճարանի զուգարանից կարելի է մտնել Apple Store։ Սրճարանից կողոպտիչները ոչինչ չեն գողացել, սակայն կողպեքների փոխարինումն ու պատի վերանորոգումը կարժենա 1500 դոլար։
Ոստիկանությունը դեռ հետաքննում է դեպքը։ Կողոպտիչները դեռ չեն հայտնաբերվել։






