ԱԲ-ը մոտ ապագայում կարող է հասնել այնպիսի մակարդակի, որը թույլ կտա նրան ինքնուրույն լուծել բարդ կենսաբանական խնդիրներ։ Սա նոր հնարավորություններ կբացի դեղամիջոցների մշակման և բժշկական հետազոտությունների համար, սակայն միաժամանակ կստեղծի կենսանվտանգության լուրջ սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև կենսաբանական զենքի մշակում և նոր համաճարակների առաջացում։ Այս մասին հայտարարել է Tencent Holdings-ի գլխավոր գիտաշխատող Վինսենթ Յաոն՝ Հոնկոնգի գիտությունների ակադեմիայի և Future Science Prize հիմնադրամի կազմակերպած գիտական խորհրդաժողովի ժամանակ։
Յաոյի գնահատմամբ՝ կիբերանվտանգության ոլորտում արհեստական բանականության առաջատար մոդելների հնարավորություններն արդեն մոտենում են այն սահմանագծին, որից այն կողմ դրանք կարող են օգտագործվել իրական վնաս հասցնելու համար։ Նմանատիպ սահմանագիծ շուտով կնվաճվի նաև կենսաբանության մեջ։ «Մոդելների կիբերհնարավորությունները, իսկ շուտով նաև դրանց կենսաբանական հնարավորությունները կհասնեն այն մակարդակին, երբ վնաս պատճառելը կդառնա իրական», - զգուշացրել է նա։
Յաոն կոչ է արել մշակողներին, այդ թվում՝ բաց մոդելներ թողարկող չինական ընկերություններին, պատասխանատվությամբ մոտենալ անվտանգության հարցերին։ Նրա խոսքով՝ այս ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը պահանջում է հնարավոր հետևանքների հատկապես մանրակրկիտ գնահատում։
Կենսաբանության մեջ արհեստական բանականության զարգացումը դիտարկվում է որպես հաջորդ խոշոր փուլ՝ ծրագրավորման մեջ մոդելների բուռն առաջխաղացումից հետո։ Վերջինս արդեն էականորեն փոխել է գլոբալ կիբերանվտանգության ոլորտը։ Ընդ որում, ԱԲ-ի կենսաբանական հնարավորությունները, ինչպես և կիբերհնարավորությունները, երկակի նշանակություն ունեն․ դրանք կարող են օգտագործվել ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակումների համար։ Այնուամենայնիվ, կենսաբանության պարագայում այս երկու կողմերն իրարից տարանջատելը, ըստ փորձագետների, կարող է շատ ավելի բարդ լինել։
Tencent-ը մշակում է ինքնավար գիտական լաբորատորիաներ
Tencent ընկերությունը ակտիվորեն ուսումնասիրում է ԱԲ-ի կիրառման հնարավորությունները գիտական հետազոտությունների ավտոמատացման գործում։ Հանդես գալով հիմնականում համակարգչային գիտությունների ուսանողներից բաղկացած լսարանի առջև՝ Յաոն պատմել է ընկերության պլանների մասին՝ ստեղծելու ինքնավար գիտական լաբորատորիաներ, որտեղ արհեստական բանականությունը կկարողանա ինքնուրույն անցկացնել բարդ փորձարկումներ բոլոր փուլերում։ Որպես օրինակներից մեկը՝ նա նշել է սպիտակուցների հակադարձ փաթաթումը:
Յաոյի խոսքով՝ այս ճանապարհին առկա տեխնիկական խոչընդոտները վերջնականապես կհաղթահարվեն. հարցը միայն ժամանակի խնդիր է։ Շատ ավելի լուրջ դժվարություններ, կարծում է նա, կապված են նման տեխնոլոգիաների ներդրման հասարակական և կազմակերպչական ասպեկտների հետ։
Կենսաբանության մեջ ԱԲ-ի կիրառման առավել խոստումնալից ուղղություններից մեկը շարունակում է մնալ դեղամիջոցների մշակումը։ Տեխնոլոգիան կարող է արագացնել նոր միացությունների որոնումը և բուժման մեթոդների ստեղծումը։ Այնուամենայնիվ, նույն գործիքները կարող են չարագործներին լրացուցիչ հնարավորություններ տալ վտանգավոր կենսաբանական գործակալներ մշակելու համար։
Tencent-ը հայտարարում է իր մոդելների վտանգավոր հնարավորությունների սահմանափակման մասին
Յաոյի զգուշացումը հնչել է ընկերության նոր՝ Hy4 դրոշակակիր մոդելի թողարկման ֆոնին։ Մոդելների համեմատական գնահատականը ներկայացրած Artificial Analysis վերլուծական կազմակերպության տվյալներով՝ Hy4-ը զբաղեցրել է երկրորդ տեղը Չինաստանում մշակված համակարգերի շարքում։
Tencent-ում հայտնել են, որ մոդելի ուսուցման ընթացքում իրենք զտել են կիբերհարձակման հնարավորությունների հետ կապված տվյալները՝ միաժամանակ պահպանելով կիբերպաշտպանության համար անհրաժեշտ գործառույթները։ Ընկերության գնահատմամբ՝ Hy4-ի կենսաբանական հնարավորությունները դեռևս զգալիորեն ցածր են բարձր ռիսկի սահմանված շեմից. մոդելը դեռևս ընդունակ չէ հիմնարար կենսաբանական գիտելիքները վերածել կոնկրետ գործնական արձանագրությունների:
Այնուամենայնիվ, Յաոն կոչ է արել ոլորտին չթերագնահատել հնարավոր սպառնալիքները։ Նա նշել է, որ չինական և ամերիկյան արհեստական բանականության մոդելների միջև առկա տարբերությունը մեծ չէ, ինչը նշանակում է, որ անվտանգության հարցերն արդիական են բոլոր առաջատար մշակողների համար։
Նոր մոդելների թողարկումից առաջ, ընդգծել է նա, անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել դրանց հնարավորությունները։ Tencent-ը համագործակցում է անվտանգության ոլորտում մասնագիտացված սեփական ստորաբաժանումների հետ, սակայն այս աշխատանքըդեռևս ավարտված չէ։






