Հայաստանի բիզնես միջավայրը ապրում է դինամիկ, բայց ոչ միանշանակ փոփոխություններ։ Առանձին ոլորտների աճը տեղի է ունենում նոր մարտահրավերների, կառուցվածքային խնդիրների և կառավարման մոտեցումները վերանայելու անհրաժեշտության ֆոնին։ Ընկերությունները բախվում են ինչպես ներքին սահմանափակումների, այնպես էլ գլոբալ մրցակցության պահանջներին, իսկ առանձին ոլորտներ՝ տեքստիլ արդյունաբերությունից մինչև ծառայություններ, կարիք ունեն վերագնահատելու զարգացման ռազմավարությունները և հարմարվելու նոր իրողություններին։
Ի՞նչ գործընթացներ են ձևավորում տնտեսական օրակարգն այսօր, և ի՞նչ լուծումներ կարող են արդյունավետ լինել։ Այս և շատ այլ հարցերի մասին Economix-ի եթերում պատմել է կառավարման հարցերով փորձագետ Արտակ Ասլանյանը։
Հայկական շուկայի անակնկալները
Նրա խոսքով, հայկական բիզնես միջավայրը շատ առումներով տարբերվում է միջազգայինից, և երբեմն՝ անսպասելիորեն։ Նա հիշում է դեպքեր, երբ միջազգային ֆրանչայզինգային ընկերությունները, մուտք գործելով հայկական շուկա, բախվել են իրենց սպասումներին լիովին հակասող արդյունքների։
Ասլանյանը պատմում է. «Ընկերություններն ունեին իրենց սեփական CRM-համակարգերը, վերլուծության հսկայական զանգվածներ, և ըստ նրանց տվյալների՝ բրենդը կողմնորոշված էր 30 տարեկանից բարձր կանանց վրա։ Բայց Հայաստանում ամեն ինչ հակառակն էր. հիմնական գնորդները դարձան 23–26 տարեկան չամուսնացած աղջիկները։ Սա նրանց համար իսկական շոկ էր»։
Միաժամանակ նա ընդգծում է, որ գրեթե ցանկացած անհամապատասխանություն ունի իր բացատրությունը։ Նրա խոսքով, հայկական բիզնեսը և՛ նման է, և՛ նման չէ արևմտյանին. նման է այնքանով, որքանով անհրաժեշտ է միջազգային շուկաներին ինտեգրվելու համար, բայց միևնույն ժամանակ պահպանում է իր խորը արմատներով առանձնահատկությունները։
Թագուհիներ, այլ ոչ թե շախմատիստներ
Հայկական ձեռներեցության այդ առանձնահատկություններից մեկը ձեռներեցների վերաբերմունքն է կառավարման փոխանցմանը։ Ասլանյանը նշում է, որ շատ հայ գործարարներ պատրաստ չեն ճիշտ պահին գործառույթների մի մասը փոխանցել երիտասարդ մասնագետներին. «Մեր ձեռներեցները մեծ մասամբ չեն ցանկանում փոխանցել էստաֆետը։ Ի վերջո, նրանց հետ ծերանում է նաև բիզնեսը. այն աճում, զարգանում է, իսկ հետո ինչ-որ պահի դադարում է նույնքան արդյունավետ աշխատել»։
Փորձագետը կարծում է, որ խնդրի արմատը մտածելակերպի և վստահության բացակայության մեջ է։ Ընկերությունների շատ սեփականատերեր ձգտում են ամեն ինչ ինքնուրույն վերահսկել՝ արտադրությունից մինչև վաճառք։ Բայց նման ներգրավվածությունը հաճախ հանգեցնում է «այրման»։ «Արդյունքում բիզնեսը սկսում է պարտվել», – բացատրում է նա։
Ասլանյանը բերում է մի մետաֆոր, որը հաճախ է օգտագործում ձեռներեցների հետ աշխատելիս. բիզնեսը շախմատ է։ Եթե սեփականատերն իրեն ներկայացնում է որպես թագավոր կամ թագուհի, նա խոցելի է դառնում։ Բայց եթե նա փոխում է դիրքը և դառնում շախմատիստ, որը տեսնում է ողջ տախտակն ամբողջությամբ, նրա հնարավորությունները կտրուկ ընդլայնվում են։ Հենց այսպես էլ, ըստ փորձագետի, պետք է գործի ղեկավարը, ով ցանկանում է զարգացնել ընկերությունը։
Կադրերի դեֆիցիտ
Միաժամանակ, հենց ձեռներեցները հաճախ պնդում են, որ չեն կարող պատասխանատվությունը պատվիրակել կադրերի բացակայության պատճառով։ Ասլանյանը համաձայնում է, որ խնդիրն իսկապես գոյություն ունի, բայց միայն մասամբ։
Նա օրինակ է բերում տեքստիլ արդյունաբերությունից, որտեղ թանկարժեք սարքավորումների մի մասը պարապ է մնում, քանի որ չկան մասնագետներ, որոնք ի վիճակի են դրանցով աշխատել։ Բայց օպերացիոն մասում, նա կարծում է, շատ բան կարելի է լուծել ընկերության ներսում. «Եթե դու ունես աշխատակիցներ, որոնք աշխատում են 10–15 տարի, դու կարող ես զարգացնել նրանց ուժեղ կողմերը։ Դա գործառույթների ճիշտ բաշխման հարց է։ Կարևոր է տեսնել աշխատողների ներուժը և նրանց հնարավորություն տալ ստանձնել գործընթացների մի մասը»։
Փորձագետը համոզված է. գրագետ պատվիրակումը և կադրերի զարգացումը աճի պարտադիր պայման են։ Եվ քանի դեռ ձեռներեցը մնում է «շախմատի ֆիգուր», այլ ոչ թե խաղացող, բիզնեսը կախված կլինի միայն իրենից և ի վերջո՝ կպարտվի։





