Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ընկերությունը ծրագրում է Հայաստանում ստեղծվող հաշվարկային ենթակառուցվածքի ծավալը հասցնել 100 հազար GPU-ի։ Նրա խոսքով՝ խոսքը նախագծի զարգացման երեք փուլերի մասին է։

Firebird-ը առաջին փուլն արդեն գործարկել է մոտ մեկ ամիս առաջ։ Այն ներառում է մոտ 6,1 հազար GPU։ Երկրորդ փուլը, որի մասին ընկերությունը նախկինում հայտարարել էր, ենթադրում է ևս 45 հազար GPU-ի տեղադրում, իսկ երրորդ փուլի շրջանակում նախատեսվում է ավելացնել ևս 60 հազար։

Այսպիսով, Firebird-ի հաշվարկային ենթակառուցվածքի ընդհանուր ծավալը Հայաստանում կարող է կազմել մոտ 100 հազար GPU։ Եսայանի գնահատմամբ՝ նման մասշտաբը Հայաստանին թույլ կտա մտնել աշխարհում համապատասխան ենթակառուցվածք ունեցող 5–10 խոշորագույն երկրների շարքը։ Տարածաշրջանային մակարդակում, նրա խոսքով, երկիրը միանշանակ կդառնա առաջատար։

Ընկերությունն այժմ արագացված տեմպերով առաջ է մղում աշխատանքները, որպեսզի նախագծի երկրորդ փուլը գործարկի երկու տարվա ընթացքում։

Երկրորդ փուլ — $7–8 մլրդ ներդրում

Եսայանի խոսքով՝ միայն նախագծի երկրորդ փուլի ներդրումների ծավալը կկազմի մոտ $7–8 մլրդ։ Երրորդ փուլը կպահանջի էլ ավելի մեծ ներդրումներ։

Նա նաև նշել է, որ նախագծում հիմնականում ներգրավված կլինեն հայ մասնագետներ։ Ընդ որում, խոսքը միայն Firebird-ի անմիջական աշխատակիցների մասին չէ․ արդեն շինարարության փուլում նախագծում ներգրավված են հազարավոր մարդիկ՝ շինարարության, դիզայնի և այլ ոլորտներում։

Երկրորդ փուլի իրականացումից հետո, Եսայանի խոսքով, նախագծի շրջանառությունը կգերազանցի $2 մլրդ-ը։ Երրորդ փուլի ներդրումներն էլ ավելի մեծ կլինեն, խոստանում է նա։ 

Սակայն, դատելով ամեն ինչից, Firebird-ը չի սահմանափակվի միայն հայտարարված ծրագրերով։ DigiTec-2026-ի շրջանակում համաձայնագրերի կնքման համատեքստում Եսայանը հայտնել է, որ ընկերությունը պատրաստում է առնվազն երկու նոր հայտարարություն, որոնք կհնչեն նոյեմբերին։ Թե կոնկրետ ինչ է թաքնված այս անոնսների հետևում, նա առայժմ չի բացահայտել՝ ինտրիգը պահելով մինչև հենց միջոցառումը։