Արհեստական բանականության (ԱԲ) սրընթաց աճը փոխում է ոչ միայն կիսահաղորդիչների համաշխարհային արդյունաբերության մասշտաբները, այլև այդ ոլորտում մրցակցության կանոնները։ Պետությունների համար այլևս բավարար չէ միայն միկրոսխեմաների արտադրության մեջ ներդրումներ կատարելը. նրանք պետք է գտնեն իրենց սեփական տեխնոլոգիական որմնախորշերը, բավարարեն ոլորտի՝ էներգիայի և որակյալ կադրերի աճող պահանջարկը, ինչպես նաև պայմաններ ստեղծեն խոշոր ներդրումներ ներգրավելու համար։ Այս մասին հայտարարել է SEMI Europe-ի նախագահ Լեյթ Ալթիմիմը՝ նախանշելով համաշխարհային արդյունաբերության առանցքային հնարավորություններն ու ռիսկերը։
Գլոբալ արդյունաբերություն, որտեղ հնարավոր չէ կրկնել Nvidia-ի հաջողությունը
Ալթիմիմն ընդգծել է, որ կիսահաղորդիչների ոլորտն արհեստական բանականության ազդեցությամբ արագացված փոխակերպում է ապրում։ Նրա խոսքով՝ աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են նախկին կանխատեսումները. եթե նախկինում ակնկալվում էր, որ կիսահաղորդիչների համաշխարհային արդյունաբերության ծավալը մինչև 2030 թվականը կհասնի 1 տրիլիոն դոլարի, ապա այժմ գնահատականներն էականորեն վերանայվել են. քննարկվում են մինչև 2030 թվականը 2 տրիլիոն դոլարի կամ մինչև 2035-ը՝ 3 տրիլիոն դոլարի հասնող ցուցանիշներ։ Այս աճը պահանջում է ոչ միայն մեծացնել միկրոսխեմաների արտադրությունը, այլև ընդլայնել ԱԲ-ի ողջ ենթակառուցվածքը՝ ներառյալ բարձր արտադրողականությամբ հաշվարկները, հիշողության սարքերը, չիպերի կորպուսավորման առաջադեմ տեխնոլոգիաները, սարքավորումներն ու համակարգային նախագծումը։
Միևնույն ժամանակ, Ալթիմիմը երկրներին և տարածաշրջաններին հորդորել է զերծ մնալ ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններին կրկնօրինակելու փորձերից։ Մասնավորապես, նա Nvidia-ն անվանել է արհեստական բանականության ժամանակակից ենթակառուցվածքի անփոխարինելի մասնակից՝ տվյալների կենտրոնների համար չիպերի արտադրության ոլորտում ունեցած իր դիրքերի շնորհիվ։ Սակայն, նրա համոզմամբ, սեփական «Nvidia» ստեղծելու փորձը լուրջ սխալ կլիներ։ Շատ ավելի խելամիտ է փնտրել ապագայի այնպիսի տեխնոլոգիական ուղղություններ, որտեղ դեռևս նման կայուն գերիշխանություն չի ձևավորվել։
Եվրոպայի համար նման հնարավորություններից մեկը նա համարում է ֆիզիկական ԱԲ-ն՝ տեխնոլոգիաներ, որոնք արհեստական բանականությունը ներդնում են իրական օբյեկտների և արտադրական գործընթացների մեջ։ Ի տարբերություն ամպային հաշվարկների, որտեղ գերիշխում են ԱՄՆ-ն ու Չինաստանը, Եվրոպան ունի զարգացած արդյունաբերական, ավտոմոբիլային, բժշկական և օդատիեզերական բազա, ինչը կարող է նրան ամուր դիրքեր ապահովել այս բնագավառում։ Հայաստանի համար սա նույնպես կարող է հնարավորություն դառնալ. Ալթիմիմը հատուկ մատնանշել է պերիֆերիկ (եզրային) և ներկառուցված ԱԲ-ի հեռանկարները, ինչպես նաև առանձին միկրոսխեմաների նախագծումից դեպի ամբողջական համակարգերի նախագծմանն անցնելու անհրաժեշտությունը։
Էներգիան կարող է սահմանափակող գործոն դառնալ ԱԲ-ի զարգացման համար
Կիսահաղորդիչների արդյունաբերության և ԱԲ ենթակառուցվածքի ամենալուրջ մարտահրավերներից մեկն Ալթիմիմը համարում է էներգասպառումը։ Նրա ներկայացրած գնահատականներով՝ տվյալների կենտրոններն արդեն իսկ սպառում են համաշխարհային էլեկտրաէներգիայի շուրջ 2%-ը։ Եթե ոլորտը շարունակի աճել ներկայիս տեմպերով, մինչև 2035 թվականն էներգիայի պահանջարկը կարող է մի քանի անգամ ավելանալ։
Սա ստեղծում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսական խնդիր։ Հաշվողական հզորությունների պահանջարկի աճն ուղեկցվում է էներգիայի թանկացմամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական անորոշությամբ։ Ալթիմիմի խոսքով՝ որոշ ներդրողներ արդեն սկսում են դանդաղեցնել նախագծերի իրականացումը՝ ձգտելով գնահատել և նվազեցնել դրանց հետ կապված ռիսկերը։
«Այս էքսպոնենցիալ աճը պահպանելու համար էներգիան բացարձակապես անհրաժեշտ է»,- ընդգծել է նա։
Որպես էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի հնարավոր լուծումներից մեկը՝ SEMI Europe-ի ղեկավարը նշել է միջուկային էներգետիկան։ Ընդ որում, խնդիրը չի սահմանափակվում միայն էլեկտրաէներգիայի արժեքով. տվյալների կենտրոնների արագ ընդլայնումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել էներգահամակարգերի համար, ինչի հետևանքով հզորությունների պակասի հետևանքները կզգան նաև սովորական սպառողները։
Ալթիմիմը թվարկել է ոլորտի զարգացումը խաթարող նաև այլ գործիքներ՝ կիբեռսպառնալիքներ, սակագնային սահմանափակումներ, պատժամիջոցներ, աշխարհաքաղաքական հակամարտություններ և որակյալ մասնագետների պակաս։
Կիսահաղորդիչների արդյունաբերությունը մնում է գլոբալ, և ոչ մի երկիր կամ տարածաշրջան միայնակ չի վերահսկում մատակարարման ողջ շղթան։ Հենց այդ պատճառով էլ խոշոր տերությունների միջև առևտրային սահմանափակումներն ու քաղաքական հակասություններն այդքան էական ազդեցություն են ունենում ոլորտի վրա։
Ներդրումներն այժմ պետական մակարդակով երաշխիքներ են պահանջում
Եվս մեկ փոփոխություն, որն Ալթիմիմը կապում է COVID-19 համավարակին հաջորդած ժամանակաշրջանի հետ, անցումն է առավելապես կորպորատիվ պայմանավորվածություններից դեպի խոշոր ներդրումային նախագծերում պետության մասնակցությանը։
Եթե նախկինում ընկերությունները կարող էին ձեռնարկությունների հիմնման շուրջ պայմանավորվել ուղղակիորեն՝ բիզնեսի ղեկավարների մակարդակով, ապա այժմ գործարանների և տվյալների կենտրոնների կառուցումն ավելի ու ավելի հաճախ ենթադրում է պետությունների ու կառավարությունների ղեկավարների ներգրավվածություն։
Պատճառը, նրա խոսքով, ներդրումների մասշտաբներն ու դրանց հետ կապված ռիսկերն են։ Ներդրողի համար բավարար չէ պայմանավորվել ընկերության հետ կամ տեղական գործընկերներից խոստումներ ստանալ։ Անհրաժեշտ են երաշխիքներ, որ երկրում ապահովված կլինեն ջուրը, էլեկտրաէներգիան, կադրերը, կրթությունը, բնակարանային ֆոնդն ու տրանսպորտային ենթակառուցվածքը։
«Ոչ մի գլխավոր տնօրեն չի կարող երաշխավորել այս բոլոր պայմանները։ Բայց երբ նման երաշխիքներ է տալիս կառավարության ղեկավարը, ներդրումն ավելի կենսունակ է դառնում»,- պարզաբանել է Ալթիմիմը։
Այսպիսով, տեխնոլոգիական արտադրությունների տեղակայման համար մղվող մրցակցությունը կախված է ոչ միայն հարկային արտոնություններից և աշխատուժի արժեքից, այլև բիզնեսի գործունեության համար երկարաժամկետ պայմաններ ապահովելու պետության կարողությունից։
Կադրերի խնդիրը միայն մասնագետների պատրաստումը չէ, այլև նրանց պահելը
SEMI Europe-ի ղեկավարն առանձնահատուկ անդրադարձել է որակյալ կադրերի պակասին։ Նրա խոսքով՝ նույնիսկ արտադրական և հաշվողական ենթակառուցվածքներում արվող մասշտաբային ներդրումներն արդյունք չեն տա առանց այնպիսի մասնագետների, որոնք կարող են տեխնոլոգիաներ մշակել և ողջ համակարգի աշխատանք ապահովել։
Ընդ որում, խոսքը պետք է վերաբերի ոչ միայն համալսարաններում նոր մասնագետների պատրաստմանը։ Ալթիմիմն անհրաժեշտ է համարում կիսահաղորդիչների արդյունաբերությանը ծանոթացնել նաև դպրոցականներին, որպեսզի նրանք հասկանան այս ոլորտի դերը և կարողանան ավելի վաղ կողմնորոշվել մասնագիտական ուղու ընտրության հարցում։
Մեկ այլ կարևոր հարց է արդեն պատրաստված կադրերին պահելը։ SEMI Europe-ը նախաձեռնություն է գործարկել, որն ուղղված է մինչև 30 տարեկան բարձր ներուժ ունեցող երիտասարդ մասնագետների բացահայտմանն ու աջակցմանը։ Ալթիմիմի խոսքով՝ սկզբում ընկերություններն առանձնակի պատրաստակամությամբ չէին մասնակցում ծրագրին, սակայն երեք տարի անց հայտերի և առաջադրումների թիվը զգալիորեն աճել է։
Նա ընդգծել է, որ ուժեղ աշխատակիցները դառնում են ընկերությունների յուրօրինակ դեսպաններն ու ոլորտի ապագա առաջնորդները։ Ուստի ներդրումները պետք է ուղղվեն ոչ միայն նոր աշխատողների ներգրավմանը, այլև ամենահեռանկարային մասնագետների պահպանմանը։






