Նոյեմբերի 20-ին՝ Digitec 2026-ի ընթացքում, ներկայացվեց Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հարթակը։ armenia.dealroom.app հասցեով հասանելի հարթակը երկրի ստարտափների, ներդրողների և նորարարական գործունեության վերաբերյալ տվյալների միասնական և բաց աղբյուր է։
Ամբողջական պատկեր՝ մեկ հարթակում
Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը տարեկան աճում է 20–25 տոկոսով, սակայն մինչ օրս ստարտափների մասին տեղեկատվությունը ցրված էր տարբեր հարթակներում, իսկ նրանց հաջողությունների զգալի մասը գրանցվում էր երկրից դուրս։ Վստահելի և համադրելի տվյալների պակասը խոչընդոտում էր թե՛ արդյունավետ քաղաքականության մշակմանը, թե՛ Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացմանն ու ներդրումների ներգրավմանը։ Բացի այդ, միջազգային վերլուծությունները մատնանշում են ոլորտի այլ խնդիրներ ևս՝ կին հիմնադիրների ու «կանաչ» ստարտափների փոքր թիվը և տաղանդների արտահոսքի բարձր ցուցանիշը։
Նոր հարթակը քարտեզագրում է՝
● ստարտափներն ու սքեյլափները՝ իրենց ոլորտներով, ֆինանսավորմամբ և թիմերով
● տեղական և օտարերկրյա ներդրողներին՝ իրենց պորտֆելներով
● հիմնադիրներին, ֆինանսավորման փուլերը, համալսարաններն ու աքսելերատորները
● պետական և ոչ առևտրային աջակցող կազմակերպությունները
● էկոհամակարգի վերջին նորությունները
Հարթակի հիմնական շտեմարանում ներառված են Հայաստանում գրանցված կամ հիմնադրված ընկերությունները, իսկ հայկական կապեր ունեցող հիմնադիրների՝ արտերկրում ստեղծված ընկերությունները ներկայացված են առանձին։
Հարթակը ծառայում է երեք թիրախային խմբի. հիմնադիրներին այն օգնում է տեսանելի դառնալ համաշխարհային ներդրողների համար և կառավարել իրենց պրոֆիլները, ներդրողներին՝ գտնել խոստումնալից ստարտափներ ու հետևել գործարքներին, իսկ պետական մարմիններին, գործակալություններին, աքսելերատորներին ու համալսարաններին՝ չափել էկոհամակարգը, համեմատել այն միջազգային գործընկերների հետ և տվյալահենք քաղաքականություն ու ծրագրեր մշակել։
Նույն մեթոդաբանությունը, ինչ աշխարհի 100+ էկոհամակարգերում
Տվյալները մշակվում են Dealroom-ի տվյալների համակարգով, որը համադրում է հանրային աղբյուրները, պետական տվյալները, երրորդ կողմի տվյալները, համայնքի ներդրումը և արհեստական բանականության միջոցով դասակարգումը։ Տվյալները ստուգում է Dealroom-ի հետազոտական թիմը՝ բոլոր էկոհամակարգերում կիրառվող նույն մեթոդաբանությամբ։ Գործարկումից առաջ հարթակի բետա տարբերակը վերանայել է շուրջ 20 հայկական կազմակերպություն։
Հայաստանն այժմ միանում է 40-ից ավելի երկրների 100-ից ավելի էկոհամակարգերի ցանցին, որոնց թվում են Բեռլինը, Էստոնիան, Վրաստանը, Ղազախստանը, Դանիան և Տոկիոն։ Այս էկոհամակարգերը չափվում և ներկայացվում են նույն մեթոդաբանությամբ, ուստի այսուհետ Հայաստանը հնարավոր է համեմատել գործընկերների հետ։
Գործընկերների խոսքը
«Հայաստանն արդեն ապացուցել է, որ կարող է ստեղծել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական պրոդուկտներ, և ԱՏՁՄ-ում մեր առաքելությունն է այդ ներուժը լավագույնս ներկայացնել միջազգային հանրությանը։ Այդ ուղղությամբ մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկը նաև «Դիջիթեք»-ն է։ Այժմ մեր ամբողջ էկոհամակարգը հստակ ու համակարգված ներկայացված է մեկ միասնական հարթակում, ինչը նոր հնարավորություններ է բացում համայնքի և միջազգային գործընկերների համար», — նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։
«Հայաստանն ունի տեխնոլոգիական ամուր հիմք և զգալի ներուժ։ Սակայն ուժեղ էկոհամակարգ կառուցելը բավարար չէ․ կարևոր է նաև այն տեսանելի դարձնել աշխարհին։ Dealroom հարթակի միջոցով մեկ միասնական միջավայրում կհամախմբվեն Հայաստանի ստարտափների, տեխնոլոգիական ընկերությունների, ներդրողների, համալսարանների, գիտահետազոտական հաստատությունների և էկոհամակարգի այլ դերակատարների վերաբերյալ տվյալները։ Սա հնարավորություն կտա միջազգային ներդրողներին և գործընկերներին ավելի հեշտ բացահայտելու հայկական ընկերությունները, գնահատելու դրանց ներուժը և գտնելու համագործակցության հնարավորություններ։ Հավաստի տվյալները վստահության ձևավորման կարևոր նախապայման են։ Ստարտափների համար հարթակը կնշանակի ավելի մեծ տեսանելիություն և հասանելիություն ներդրողներին ու գործընկերներին, ներդրողների համար՝ նոր հնարավորությունների բացահայտման հավաստի տեղեկատվություն, իսկ պետական կառավարման համակարգի համար՝ քաղաքականությունը գնահատելու, առկա բացերը բացահայտելու և առավել հիմնավորված որոշումներ կայացնելու գործիք։ Մեր նպատակն է, որ հարթակը զարգանա Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հետ միասին և դառնա դրա երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչ», — նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Տաթև Ասլանյանը։
«Հայաստանի ձեռնարկատիրական տաղանդն ու տեխնոլոգիական կարողությունները համագործակցության զգալի հնարավորություններ են ընձեռում Եվրոպայի հետ։ EU4Innovation East ծրագրի միջոցով Եվրոպական միությունն օգնում է այս ներուժը վերածել ավելի կայացած բիզնեսների, ներդրումային հնարավորությունների և միջազգային գործընկերությունների։ Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հարթակն այդ համագործակցության շոշափելի արդյունքն է, որն օգնում է հայկական նորարարությունը կապել եվրոպական և համաշխարհային շուկաների հետ», — նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Հայաստանի ստարտափների, ներդրողների և աջակցող կառույցների մասին հավաստի տեղեկատվության մեկտեղումը մեկ հարթակում հենց սկզբից եղել է EU4Innovation East ծրագրի նպատակներից մեկը։ Ուրախ ենք տեսնել, որ այն իրականություն է դարձել Dealroom-ի, ԱՏՁՄ-ի և Civitta-ի հետ մեր համագործակցության շնորհիվ։ Այս հարթակը կօգնի ձեռներեցներին գտնել համապատասխան կապեր, կազմակերպություններին՝ առավել հասցեական դարձնել իրենց աջակցությունը, իսկ միջազգային գործընկերներին՝ ավելի ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի նորարարական ներուժի մասին», — նշել է EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթը։
«Հայաստանն ունի տեխնոլոգիական ուշագրավ պատմություն, սակայն մինչ օրս այդ մասին տվյալները ցրված էին տարբեր աղբյուրներում։ Եթե Փարիզում կամ Սան Ֆրանցիսկոյում գտնվող ներդրողը ցանկանում էր ուսումնասիրել հայկական էկոհամակարգը, չկար մեկ միասնական հարթակ, որին կարող էր դիմել։ Այժմ այդ հարթակը կա։ Այսօրվանից Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը կարող է չափվել, համադրվել և ներկայացվել համաշխարհային մյուս էկոհամակարգերի հետ հավասար հիմունքներով։ Սա մեկնարկային կետ է, ոչ թե վերջնակետ. որքան ակտիվ օգտագործվի հարթակը, այնքան ավելի արժեքավոր ու ուժեղ կդառնա», — նշել է Dealroom-ի էկոհամակարգերի աճի ղեկավար Իֆա Մորինը։
«Հայաստանին չի պակասում տեխնոլոգիական ոլորտի զարգացման հավակնությունը. պակասում էր չափման միասնական գործիքակազմ՝ հասկանալու, թե որքանով են իրականացվող ռազմավարություններն ու ծրագրերն իրական արդյունք տալիս։ Այս հարթակը բոլորին տրամադրում է նույն ելակետային տվյալները՝ ներառյալ կանանց կողմից ղեկավարվող և «կանաչ» ստարտափների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք մինչ օրս ամենաքիչն էին տեսանելի։ Հարթակի տվյալների հիման վրա մենք կպատրաստենք գնահատման երկու զեկույց, որոնցից յուրաքանչյուրը կքննարկվի համայնքի հետ բաց աշխատաժողովների ձևաչափով, որպեսզի այդ արդյունքները ձևավորվեն հենց էկոհամակարգի մասնակցությամբ, այլ ոչ թե պարզապես ներկայացվեն նրան», — նշել է Civitta-ի միջազգային բիզնեսի ստորաբաժանման կառավարող գործընկեր Սևակ Հովհաննիսյանը։
Ծրագրի մասին
Հարթակը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից EU4Innovation East ծրագրի շրջանակում, համաֆինանսավորվել է Ֆրանսիայի կառավարության կողմից և իրականացվում է Expertise France-ի միջոցով։ Կոնսորցիումը ղեկավարում է Dealroom.co-ն, որի հարթակն արդեն հաջողությամբ կիրառվում է այնպիսի էկոհամակարգերում, ինչպիսիք են Բեռլինը և Դանուբյան տարածաշրջանը։ Civitta-ն ապահովում է էկոհամակարգերի գնահատման և հաշվետվությունների փորձը։ ԱՏՁՄ-ն ղեկավարում է տեղում տվյալների հավաքագրումը և շահագրգիռ կողմերի ներգրավումը և կնպաստի հարթակի երկարաժամկետ կայունությանը։
Գործարկումից հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը և Dealroom-ը ստորագրեցին «Հայաստանի նորարարական էկոհամակարգի տվյալների հարթակ» ծրագրի իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր։ Երկու տարի ժամկետով հուշագրի համաձայն՝ նախարարությունը հարթակի տվյալները կօգտագործի քաղաքականության ու ռազմավարությունների մշակման, ինչպես նաև ծրագրերի գնահատման համար։ Նախարարությունը նաև ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում հասանելի կդարձնի ստարտափներին, տեխնոլոգիական ընկերություններին, պետական աջակցության ծրագրերին, նորարարությանն ու ներդրումներին վերաբերող պետական տվյալները։ Բացի այդ, նախարարությունը կմասնակցի հարթակի կառավարման մեխանիզմների ձևավորմանը և կուսումնասիրի դրա երկարաժամկետ կայունության ապահովման տարբերակները՝ ներառյալ ինստիտուցիոնալ սեփականության մոդելները և ազգային թվային ենթակառուցվածքում ինտեգրումը։
Հաջորդ քայլերը
2026 թ. դեկտեմբերից գործընկերները էկոհամակարգի հետ կանցկացնեն վավերացման աշխատաժողովներ, որից հետո հարթակը կանցնի հայկական կողմի սեփականությանը։
Հիմնադիրներին, ներդրողներին և էկոհամակարգի զարգացմամբ զբաղվողներին հրավիրում ենք գրանցվել armenia.dealroom.app հարթակում, առաջարկել պրոֆիլների խմբագրումներ և տրամադրել տվյալներ։










