Apple-ի ծալվող iPhone Duo սմարթֆոնի առաջին սեփականատերերը հայտնում են ներքին էկրանի կենտրոնական ծալքի հատվածում առաջացած ճաքերի մասին։ Որոշ դեպքերում թերությունն ուղեկցվում է նույն վիճակում մնացած պիքսելների վառ շերտով։ Apple-ը խոստովանել է, որ խնդիրը վերաբերում է փոքր թվով սարքերի, և տուժած օգտատերերին խորհուրդ է տվել դիմել AppleCare-ի աջակցման ծառայությանը՝ սմարթֆոնը փոխարինելու համար։

iPhone Duo-ն դարձել է Apple-ի առաջին ծալվող սմարթֆոնը։ Թեև այս կատեգորիան շուկայում վաղուց գոյություն ունի, սարքի թողարկումը մեծ հետաքրքրություն է առաջացրել․ պահանջարկն այնքան բարձր է եղել, որ գնորդները ստիպված են սպասել իրենց հերթին։ Սակայն անսարքությունների մասին առաջին հաղորդումներն արդեն կատակների առիթ են դարձել սոցիալական ցանցերում և որոշ սեփականատերերի ստիպել կասկածի տակ դնել գնման նպատակահարմարությունը, հայտնում է Business Insider-ը։

Ծալքի հատվածում ճաքեր և կատակներ սոցցանցերում

iPhone Duo-ի սեփականատերերը հրապարակում են լուսանկարներ և հաղորդումներ ներքին էկրանի՝ ծալքի գծի երկայնքով վնասվածքների մասին։ Առանձին դեպքերում էկրանին նաև վառ գիծ է հայտնվում՝ կապված պիքսելների սխալ աշխատանքի հետ։

Business Insider-ին տված մեկնաբանությունում Apple-ը հայտարարել է, որ առաջին օգտատերերն ընդհանուր առմամբ սարքն ընդունել են «չափազանց դրական»։ Միաժամանակ ընկերությունը հաստատել է, որ էկրանի խնդիրների բախված սեփականատերերը պետք է դիմեն AppleCare՝ սարքը փոխարինելու համար։

Համացանցում տարածվող վնասված էկրանների ոչ բոլոր պատկերները կարելի է հավաստի համարել․ ամենատարածված լուսանկարներից մի քանիսը խմբագրվել կամ ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։

Իրավիճակն արդեն կատակների առիթ է դարձել։ Օրինակ՝ X-ի օգտատերերից մեկը ստեղծել է ծալվող էկրանի ճաքը նմանակող պաստառ՝ նրանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ գնել iPhone Duo, բայց ցանկանում են գոնե վիրտուալ կերպով առնչվել դրա գլխավոր թերությանը։

Կրիպտոթրեյդերներն ու ծալվող iPhone-ի մասին մեմերը

Կատակների առանձին ալիք է առաջացել Crypto.com-ի պաշտոնական հաշվի հրապարակումից հետո։ Հոկտեմբերին ընկերությունը հայտարարել էր, որ ծալվող iPhone-ը հիանալի կհամապատասխանի այն թրեյդերներին, որոնց հարմար է միաժամանակ մի քանի հավելվածով աշխատելը։

Շուտով այս գաղափարը վերածվել է մեմերի, որոնք ծաղրում են կրիպտոթրեյդերների մասին այն կարծրատիպը, թե նրանք իբր մշտապես հետևում են շուկային, կայուն աշխատանք չունեն և գերագնահատում են սեփական կարողությունները։

Երկու էկրան՝ էլ ավելի շատ անվերջ ոլորում

Պակաս կատակների առիթ չի դարձել նաև սարքի գաղափարն ինքնին։ iPhone Duo-ի 7,6 դյույմ անկյունագծով ներքին էկրանը թույլ է տալիս միաժամանակ կողք կողքի բացել երկու հավելված, իսկ արտաքին՝ 5,4 դյույմանոց էկրանը հասանելի է, երբ սմարթֆոնը ծալված է։

Քննադատները հեգնում են, որ միաժամանակ մի քանի հավելվածից օգտվելու հնարավորությունը կարող է էլ ավելի շեղել օգտատերերի ուշադրությունը և խորացնել լրահոսերն անվերջ ոլորելու սովորությունը՝ այսպես կոչված դումսքրոլինգը։

Սմարթֆոնի կառուցվածքը նաև «ցուցադրական տղամարդկանց» մասին կատակների առիթ է դարձել․ սա համացանցային մեմ է այն տղամարդկանց մասին, որոնք ցուցադրաբար հետաքրքրվում են որոշակի գրքերով, երաժշտությամբ և մշակութային երևույթներով՝ կանանց վրա տպավորություն գործելու համար։

Տեսանյութերից մեկում օգտատերը ցույց է տվել, թե ինչպես է ծալվող էկրանը թույլ տալիս էլ ավելի հարմարավետ խորասուզվել բովանդակության անվերջ հոսքի մեջ։

Business Insider-ն այս միտքն ամփոփել է հեգնական արտահայտությամբ․ եթե երեկոյան դումսքրոլինգի համար մեկ էկրանը բավարար չէ, Apple-ն ունի 1999 դոլարանոց լուծում։

Առայժմ հայտնի չէ, թե որքան տարածված է ներքին էկրանի թերությունը և արդյոք այն կապված է սարքի կառուցվածքի, թե առանձին արտադրական խնդիրների հետ։ Apple-ը խոսում է միայն փոքր թվով խնդրահարույց սմարթֆոնների մասին։ Ուստի առաջին հաղորդումների հիման վրա ամբողջ շարքի հուսալիության մասին եզրակացություն անելը վաղաժամ է։