Աշունն աստիճանաբար մտնում է խաղային արդյունաբերության մեջ առավելագույն արագությամբ. մշակողները սկսում են մեկը մյուսի հետևից թողարկել նախագծեր, որոնց խաղացողները սպասել են ամիսներ, նույնիսկ տարիներ: Հոկտեմբերյան օրացույցը ընդգրկում է միանգամից մի քանի բոլորովին տարբեր խաղային ժանրեր՝ լայնամասշտաբ ռազմական շուտերներից և օդային մարտերից մինչև գոյատևում և կենդանաբանական այգու կառավարում:

Call of Duty: Modern Warfare 4 — հոկտեմբերի 23

Աշունն ավանդաբար համարվում է Call of Duty-ի խոշոր թողարկումների ժամանակաշրջան, և այս տարի շարքը վերադառնում է նոր մասով՝ Call of Duty: Modern Warfare 4: Խաղը դուրս կգա 2026 թվականի հոկտեմբերի 23-ին PC, PlayStation 5, Xbox Series X|S և Nintendo Switch 2 հարթակների համար:

Այս անգամ սյուժեն խաղացողներին տեղափոխում է Կորեական թերակղզի, որտեղ սկսվում է Հյուսիսային Կորեայի լայնամասշտաբ ներխուժումը: Կենտրոնում հարավկորեացի երիտասարդ զինծառայողներն են, որոնք փորձում են գոյատևել քանդվող ճակատում: Զուգահեռաբար զարգանում է կապիտան Փրայսի պատմությունը, ով ստվերից վարում է իր սեփական պատերազմը:

Մշակողները խոստանում են մթնոլորտով տարբեր մի քանի տեղանքներ (լոկացիաներ)՝ Կորեայում մարտական գործողություններից մինչև մերձամարտ Նյու Յորքում, հետապնդումներ Փարիզում և SAS-ի գիշերային գործողություններ Մումբայում: Սյուժետային քարոզարշավից զատ, խաղում կլինեն մուլտիփլեյեր և այլ ցանցային ռեժիմներ:

Gears of War: E-Day — հոկտեմբերի 6

Gears of War: E-Day-ը խաղացողներին կտանի դեպի այն իրադարձությունը, որից փաստացի սկսվում է մարդկության և «Մորեխների» (Locust) հակամարտության պատմությունը: Թողարկումը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 6-ին PC և Xbox Series X|S հարթակներում. խաղը առաջին իսկ օրվանից հասանելի կլինի նաև Game Pass-ում:

Գործողությունները ծավալվում են առաջին Gears of War-ից 14 տարի առաջ: Պատմության կենտրոնում երիտասարդ Մարկուս Ֆենիքսն ու Դոմինիկ Սանտյագոն են, որոնք հայտնվում են «Մորեխների» աղետալի ներխուժման հենց սկզբում:

Մշակողները շեշտը դնում են ավելի մռայլ և կոշտ մթնոլորտի վրա: Խաղացողները պետք է նաև միավորվեն այլոց հետ (ոչ միայն միայնակ անցնեն սյուժեն). նախատեսված են տեղական համատեղ խաղ երկու հոգու համար և առցանց համադեղ խաղ՝ մինչև չորս խաղացողի համար:

Կվերադառնա նաև Horde հայտնի ռեժիմը, սակայն վերամշակված՝ Horde Siege ձևաչափով: Բացի այդ, մշակողները խոստանում են թարմացված PvP ռեժիմ:

Ace Combat 8: Wings of Theve — հոկտեմբերի 2

Օդային մարտերի սիրահարներին հոկտեմբերին սպասվում է Ace Combat 8: Wings of Theve-ը՝ շարքի նոր հիմնական մասը, որը դուրս է գալիս նախորդ խաղից յոթ տարի անց: Թողարկման պաշտոնական ամսաթիվն է 2026 թվականի հոկտեմբերի 2-ը: Խաղը կհայտնվի PC, PlayStation 5 և Xbox Series X|S հարթակներում:

Սյուժեն ծավալվում է Strangereal հորինված աշխարհում: Կենտրոնական Յուզեայի Ֆեդերացիան ենթարկվում է Սոտոայի Հանրապետության արագընթաց ներխուժմանը, իսկ խաղացողը պետք է ստանձնի օդաչուի դերը, ով ստիպված է մասնակցել հայրենիքի ազատագրման պայքարին:

Բացի օդային մարտերից, մշակողները խոստանում են սյուժետային քարոզարշավ՝ կինեմատոգրաֆիկ տեսարաններով, պատմության վրա ազդող որոշումներով և էսկադրիլիայի ներսում հարաբերությունների զարգացմամբ: Խաղում կհայտնվեն նաև խոշոր հակառակորդներ և լայնամասշտաբ մարտական մեքենաներ:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ցանցային խաղին. նախատեսված են կոոպերատիվ PvE մարտեր և PvPvE ռեժիմ, որտեղ չորսական խաղացողից բաղկացած երկու թիմ մարտնչում են միմյանց դեմ՝ միաժամանակ համակարգչային հակառակորդների հետ միասին:

Enshrouded — լիարժեք թողարկում հոկտեմբերի 15-ին

Enshrouded-ի համար հոկտեմբերը հատկապես կարևոր ամիս կդառնա. հոկտեմբերի 15-ին խաղը պաշտոնապես դուրս կգա Steam-ի վաղ հասանելիությունից (Early Access) և կստանա 1.0 վերսիան:

Սա բաց աշխարհով survival-action RPG է, որտեղ խաղացողը հայտնվում է Flameborn-ի դերում՝ մահացող քաղաքակրթության վերջին հույսը: Աշխարհը պատված է մահացու մառախուղով, իսկ հերոսի խնդիրն է՝ գոյատևել, հետազոտել ավերված թագավորությունը, կռվել բոսերի դեմ և աստիճանաբար վերադարձնել նրան կորցրած կյանքը:

Enshrouded-ի հիմնական առանձնահատկություններից մեկը մնում է գոյատևման, շինարարության և դերային տարրերի համադրությունը: Խաղացողները կարող են ստեղծել լայնամասշտաբ կառույցներ, հետազոտել հսկայական աշխարհը և անցնել խաղը այլ մասնակիցների հետ միասին. կոոպերատիվը նախատեսված է առավելագույնը 16 հոգու համար:

1.0 թողարկմանն ընդառաջ մշակողները պատրաստում են նաև բարելավումներ արդեն գոյություն ունեցող համակարգերի համար և արտադրողականության լավարկում, այդ թվում՝ միջին և ցածր գնային հատվածի համակարգիչների համար:

Planet Zoo 2 — հոկտեմբերի 13

Նրանց, ովքեր մարտերի փոխարեն նախընտրում են կառուցապատում, կենդանիներ և սեփական աշխարհի կառավարում, հոկտեմբերին կառաջարկվի Planet Zoo 2-ը: Խաղը դուրս կգա 2026 թվականի հոկտեմբերի 13-ին PC-ի համար:

Հանրահայտ սիմուլյատորի շարունակությունը թույլ կտա ստեղծել և կառավարել կենդանաբանական այգիներ աշխարհի տարբեր անկյուններում: Ընդ որում, մշակողները նկատելիորեն ընդլայնում են բուն հայեցակարգը. խաղում կհայտնվեն ամբողջովին ջրային և թռչող կենդանատեսակներ:

Խաղացողը պետք է հաշվի առնի կենդանիների կարիքներն ու վարքագիծը, ստեղծի նրանց համար համապատասխան տարածքներ և զարգացնի կենդանաբանական այգու ենթակառուցվածքը: Սակայն կառավարումը սրանով չի ավարտվում. կենդանիներին հնարավոր կլինի բաց թողնել կենդանաբանական այգիներից դեպի լայնամասշտաբ արգելոցներ՝ խաղը վերածելով նաև վայրի բնության պահպանման յուրօրինակ համակարգի: