YouTube-յան My N Mi ալիքի հեղինակը ցույց է տվել, թե ինչպես է աշխատում աշխարհի ամենափոքր 3D տպիչը։ 41 մմ բարձրություն ունեցող տպիչն ստեղծում է 11x11x17 մմ չափերով փոքրիկ մոդելներ։ Տպիչն ունի 18x31x41 մմ չափեր և կշռում է ընդամենը 17 գ:
Ինչպես տեղեկացնում է Tomshardware-ը, փոքրիկ տպիչը պատրաստված է փայտի և պլաստմասսայի համադրությունից։ Այն աշխատում է ստերեոլիթոգրաֆիկ տպագրության տեխնոլոգիայի հիման վրա։ Ներքևում գտնվող փոքրիկ ռեզերվուարում ներարկիչը լցնում է ֆոտոպոլիմեր, որը կարծրանում է լույսի ազդեցության տակ։ Տպիչը սնուցվում է հետևի վահանակի միկրո USB պորտի միջոցով:
Տպվող նյութի շերտի հաստությունը 0,005-ից 0,3 մմ է, իսկ ճշգրտությունը՝ 0,135 մմ: Համեմատության համար նշենք, որ Anycubic Photon M3 3D տպիչը, որը կշռում է 7 կգ, ունի 163×102×180 մմ տպման պարամետրեր, իսկ ճշգրտությունը 0,01 մմ է:
Աշխարհի ամենափոքր 3D տպիչի հեղինակները ցույց են տվել, թե ինչպես է իրենց տպիչը պատրաստում ռոբոտի կիսաթափանցիկ արձանիկ։ Լույսի ներքո պարզ երևում են դետալները. արձանիկի վրա երևում են փոքր տարրեր, ինչպիսիք են կրծքավանդակի վրայի մեխանիզմները և փոքր ելուստները գլխի և ոտքերի վրա:
Դեռ պարզ չէ, թե արդյոք My N Mi-ի հեղինակները մտադիր են զարգացնել իրենց նախագիծը:
Ավելի վաղ ռուսական «Ф2 Инновации» ընկերությունը թողարկել էր փոքրիկ 3D տպիչ, որը կարող է տպել մինչև 4×2×1 մմ չափերի մասեր։ Այն նախատեսվում է օգտագործել ավիացիոն, տիեզերական և ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։






