Meta ընկերությունը, որը նախորդ տարեվերջին կրճատել է իր աշխատուժի 13%-ը, պատրաստվում է կրճատումների ևս մեկ փուլի, ինչի հետ կապված հետաձգել է մի քանի բաժինների վերջնական բյուջեի կազմումը, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Բյուջեի կամ ապագա անձնակազմի վերաբերյալ հստակության բացակայության պատճառով վերջին շաբաթների ընթացքում աշխատակիցները սկսել են բողոքել, որ աշխատանքը կանգ է առել, քանի որ չեն կարողանում պլանավորել հետագա աշխատանքն ու դրա ծավալը։
Նախագծերի և որոշումների հաստատումն այժմ որոշ դեպքերում տևում է մոտ մեկ ամիս, նույնիսկ առաջնահերթ համարվող ոլորտներում, ներառյալ մետավերսը և գովազդը, թեև այդ գործընթացը սովորաբար տևում էր մի քանի օր: Ըստ աղբյուրներից մեկի՝ որոշ թիմերի բյուջեն սովորաբար վերջանում է մինչև տարեվերջ, և հիմա այդ բաժինները խնդրի առաջ են կանգնել։
Եռամսյակային հաշվետվության ժամանակ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներդրողներին պատմել էր, որ պլանավորում են 2023 թ․ ընկերության «արդյունավետության տարի» դարձնել։ «Արդյունավետության տարին սկսվում է նրանով, որ մի խումբ մարդիկ վարձատրվում են ոչինչ չանելու համար»,- Financial Times-ին ասել է աշխատակիցներից մեկը:
Եռամսյակային հաշվետվության ժամանակ Ցուկերբերգը նաև ասել էր, թե իր թիմն աշխատում է պարզեցնել ընկերության կազմակերպչական կառուցվածքը և հեռացնել միջին օղակի մենեջերներին, որպեսզի որոշումներն ավելի արագ կայացվեն։ Նա նաև նշել էր, որ ընկերությունն «ավելի նախաձեռնող» կլինի ցածր կատարողական ունեցող և ոչ առաջնահերթ ծրագրերի կրճատման հարցում:
Աղբյուրի համաձայն՝ աշխատատեղերի կրճատման դեպքում մենեջերներին կառաջարկվի կա՛մ տեղափոխվել այնպիսի պաշտոններ, որտեղ նրանք ոչ ոքի չեն ղեկավարի, այլ ստիպված կլինեն կատարել կոնկրետ այլ աշխատանք, կա՛մ հեռանալ ընկերությունից։
Bloomberg-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ միջին օղակի մենեջերներից շատերին այժմ առաջարկում են կոդ գրել, նախագծել, կատարել հետազոտություն։ Meta-ի որոշ աշխատակիցներ կարծիք էին հայտնել, որ այս փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ նրանց խոսքով՝ ընկերությունում կան մի քանի թիմեր, որոնք աշխատում են նմանատիպ խնդիրների վրա, ինչպես նաև ղեկավարներ, որոնք վերահսկում են միայն մեկ կամ երկու աշխատակցի:
Հիշեցնենք, որ 2022-ի վերջից սկսած ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ սկսել են զանգվածային կերպով կրճատել իրենց աշխատակազմը։ Վերջերս կրճատումների մասին հայտնել են Microsoft-ը, Amazon-ը, Pinterest-ը, IBM-ը, Lam Research-ը, Xiaomi-ն, HP-ն, Vimeo-ն, Micron Technology-ն, PayPal-ը, Miro-ն, Splunk-ը, eBay-ը, NetApp-ը, Unity Software-ը և շատ ընկերություններ:






