Xiaomi-ն կրճատում է աշխատակիցների 15%-ին՝ բիզնեսն օպտիմալացնելու համար

20 դեկտեմբերի, 2022  13:12

Սմարթֆոններ արտադրող չինական ամենամեծ ընկերությունը՝ Xiaomi-ն սկսել է կրճատել սմարթֆոնների արտադրության և ինտերնետային ծառայությունների բաժինների բազմաթիվ աշխատակիցների։ Ինչպես տեղեկացնում է South China Morning Post-ը, բիզնեսն օպտիմալացնելու համար ընկերությունը նախատեսում է կրճատել անձնակազմի 15%-ը

Ըստ պարբերականի՝ պատճառը Չինաստանի սպառողական էլեկտրոնիկայի շուկայում ընթացիկ կիսամյակում տիրող ընդհանուր անբարենպաստ վիճակն է, որը սրվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված լոքդաուններով։ Սա իր հերթին ազդել է սմարթֆոնների և այլ սարքերի պահանջարկի վրա։

Չինաստանի օրենքները պահանջում են, որ մասնավոր ընկերություններն աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին զեկուցեն համապատասխան գերատեսչություններին, հատկապես եթե խոսքը 20-ից ավելի մարդու ազատման մասին է։ Սակայն ընկերությունը դեռ փորձում է խուսափել այս հարցում ավելորդ հրապարակայնությունից՝ իրականացվող փոփոխություններն անվանելով «բիզնեսի օպտիմալացում»:

Աշխատանքից ազատված աշխատակիցներին, որոնք չինական սոցցանցերը հեղեղել են աշխատանքից ազատվելու մասին լուրերով, տրվում են բոլոր անհրաժեշտ վճարումները:

Անցած եռամսյակի վերջի դրությամբ ընկերությունն ուներ 35,314 աշխատակից, որից ավելի քան 32,000-ն աշխատում է Չինաստանում։ Կրճատումները կարող են վերաբերել հատկապես ընկերությունում վերջերս աշխատանքի անցած աշխատակիցներին, որոնց մեծ մասն աշխատանքի է ընդունվել անցած տարվա դեկտեմբերին, երբ ընկերությունը շուկայում դրական միտումի ակնկալիքներ ուներ:

Ընկերության եկամուտը նվազել է

Աշխատատեղերի կրճատումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Xiaomi-ն հայտնեց, որ Չինաստանում COVID-19-ի սահմանափակումների և սպառողների պահանջարկի նվազման պատճառով երրորդ եռամսյակում ընկերության եկամուտը նվազել է 9,7%-ով: Սմարթֆոններից ստացվող եկամուտը, որը կազմում է ընկերության ընդհանուր վաճառքի մոտ 60%-ը, տարեկան կտրվածքով նվազել է 11%-ով:

Canalys ընկերության տվյալներով՝ վերջին եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկան տարեկան կտրվածքով կրճատվել է 9%-ով (297,8 մլն հատ հեռախոս), մինչդեռ չինական շուկայում անկումը կազմել է 11% (70 մլն հատ հեռախոս)։ Նոյեմբերին Չինաստանում սմարթֆոնների մանրածախ վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,9%-ով։

Երրորդ եռամսյակի արդյունքներով Xiaomi-ին բաժին էր ընկնում չինական սմարթֆոնների շուկայի 13%-ը, այս ցուցանիշով այն զբաղեցնում էր հինգերորդ տեղը։ Ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով կրճատվել է 9,7%-ով և կազմել 10,1 մլրդ դոլար, մինչդեռ մաքուր շահույթը նվազել է 59,1%-ով։

Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած պրեզենտացիայի ժամանակ ընկերությունը ներկայացրել էր Xiaomi 13 և Xiaomi 13 Pro սմարթֆոնները, Watch S2 խելացի ժամացույցն ու Buds 4 անլար ականջակալները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ