Նոր կրճատումներ ՏՏ ոլորտում․ IBM-ը և Lam Research-ը նախատեսում են 5200 մարդու ազատել աշխատանքից

26 հունվարի, 2023  16:10

ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունները շարունակում են զանգվածային կրճատումները։ Այս անգամ կրճատումների մասին հայտարարել են ամերիկյան International Business Machines Corp. (IBM) և Lam Research ընկերությունները, որոնք նախատեսում են աշխատանքից ազատել ընդհանուր 5200 մարդու։

Չնայած այն հանգամանքին, որ վերջերս Դավոսում կայացած ֆորումում IBM-ի ղեկավար Արվինդ Կրիշնան զգուշավոր լավատեսությամբ էր խոսել ընկերության հեռանկարների մասին, աշխատատեղերի կրճատումներ, այնուամենայնիվ, տեղի կունենան։ IBM-ը նախատեսում է կրճատել 3900 աշխատակցի (ողջ աշխատակազմի 1%-ից մի փոքր ավելի), իսկ Lam Research-ը՝ 1300 աշխատակից (աշխատողների 7%-ը)։

Նյու Յորք նահանգում տեղակայված IBM-ը կրճատումների մասին չէր հիշատակել ո՛չ եռամսյակային եկամուտների մասին զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի, ո՛չ էլ վերլուծաբանների հետ ֆինանսական արդյունքները քննարկելու տեսազանգի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, խոսքն առաջին հերթին այն աշխատակիցների մասին է, որոնք մնացել են IBM-ից Kyndryl և Watson Health ընկերությունների առանձնանալուց հետո։ Այս տեղեկությունը ընկերությունից հաստատել են նաև AFP-ի հետ զրույցում։ «Դա գործողություն չէ, որը հիմնված է 2022 թ․ կատարողականի կամ 2023 թ․ ակնկալիքների վրա»,- ասել են ընկերությունից։

IBM-ը անցյալ տարվա վերջին երեք ամիսների ընթացքում գրանցել է 2,9 միլիարդ դոլարի շահույթ, ինչը մոտ 17%-ով ավելի է, քան 2021 թ․ նույն ժամանակահատվածը, չնայած եկամուտը մնացել է անփոփոխ՝ 16,7 միլիարդ դոլար:

Չիպերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ մատակարարող Lam Research ընկերությունը հայտարարել է, որ կրճատումները տեղի կունենան այս տարվա մարտին։ Անցած տարվա դեկտեմբերին ընկերությունն ազատել էր ևս 700 ժամանակավոր աշխատողի։  

Ըստ Challenger, Gray & Christmas Inc խորհրդատվական ընկերության՝ ՏՏ ոլորտում աշխատատեղերը կրճատելու անցյալ տարվա մտահոգիչ միտումը շարունակվում է, և IBM-ում ու Lam Research-ում տեղի ունենալիք կրճատումները հենց այդ միտման մաս են կազմում։

Նշենք, որ ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունները մեկի մյուսի հետևից հայտարարում են կրճատումների մասին։ Օրինակ՝ Google-ը հայտարարել է, որ կրճատում է 12,000 աշխատակից։ Ընդորում, կրճատվել են մենեջերներ, որոնց աշխատավարձը 500,000-ից հասնում էր մինչև 1 մլն դոլարի։

Microsoft-ն իր հերթին օրեր առաջ հայտարարեց, որ նախատեսում է կրճատել մինչև 11,000 աշխատակցի։ Amazon-ը նախատեսում է աշխատանքից ազատել ավելի քան 18,000 աշխատակցի, իսկ HP-ն նախատեսում է առաջիկա 3 տարում 4000-6000 աշխատակից կրճատել։ Կրճատումներ են տեղի ունեցել նաև Meta-ում, Oracle-ում, Twitter-ում և մի շարք այլ ընկերություններում։ Twitter-ում կրճատվել է աշխատողների ավելի քան 2/3-րդը։

ibm.jpg (214 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ