eBay-ը ողջ աշխարհում 500 աշխատատեղ կկրճատի

8 փետրվարի, 2023  18:26

Առցանց աճուրդների և առցանց գնումների աշխարհի խոշորագույն հարթակ eBay-ը հայտարարել է, որ նախատեսում է ողջ աշխարհում 500 աշխատակցի ազատել աշխատանքից, ինչը ընկերության անձնակազմի մոտ 4%-ն է կազմում։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, eBay-ը համապատասխան զեկույց է ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին: Բոլոր տուժած աշխատակիցները կստանան վերջնահաշվարկ և բոնուսներ:

eBay-ի գործադիր տնօրեն Ջեյմի Յանոնեն այս որոշումը բացատրել է աշխարհում առկա մակրոտնտեսական իրավիճակով և հավելել, որ ընկերությունը պետք է հետագա աճ ցույց տա, իսկ այս որոշումը կնպաստի դրան։

«Մենք լրացուցիչ հնարավորություններ կստանանք ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման համար առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներում։ Սա ներառում է նոր տեխնոլոգիաներ, առանցքային շուկաներ և սպառողական նորարարություններ»,- նրա խոսքերն է մեջբերում Cnbc.com-ը:

Ջեյմի Յանոնեն նաև ասել է, որ այս որոշումը ընկերությանը կօգնի նաև հարմարվել ներկայիս մակրոտնտեսական իրավիճակին։

Այսօր հայտնի դարձավ, որ հանրահայտ Zoom մեսենջերում ևս լայնածավալ կրճատումներ են նախատեսվում. ընկերության ղեկավար Էրիկ Յուանն իր բլոգում տեղեկացրել էր, որ ընկերությունը նախատեսում է կրճատել 1300 աշխատակցի՝ ընդհանուր աշխատողների մոտ 15%-ը։

Վերջին ամիսներին մի շարք ՏՏ ընկերություններ կրճատում են իրենց աշխատողների թիվը։ Վերջերս Google-ը հայտարարեց 12,000 աշխատակիցների կրճատման մասին։ Microsoft-ը ևս հայտարարել է, որ նախատեսում է կրճատել մինչև 11,000 աշխատատեղ: Amazon-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել ավելի քան 18,000 աշխատակցի, իսկ HP-ն առաջիկա երեք տարիներին կկրճատի 4000-6000 աշխատակցի:

Կրճատումներ են եղել նաև Meta-ում, Oracle-ում, Twitter-ում և մի շարք այլ ընկերություններում: Twitter-ը աշխատանքից ազատել է իր աշխատակիցների ավելի քան 2/3-ին։ Աշխատակիցների կրճատելու ծրագրերի մասին հայտարարել են նաև International Business Machines (IBM) և Lam Research ընկերությունները, որոնք միասին նրանք նախատեսում են կրճատել ընդհանուր 5200 մարդու։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ