HP-ն նախատեսում է առաջիկա 3 տարում 4000-6000 աշխատակից կրճատել

23 նոյեմբերի, 2022  15:24

HP Inc.-ը ծրագրում է առաջիկա երեք տարիների ընթացքում 4000-6000 աշխատակից կրճատել: Հետաքրքիր է, որ այս հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է մոտ 1%-ով։

Կորոնավիրուսային համաճարակի ամենաթեժ պահին մարդիկ սկսեցին ակտիվորեն գնել համակարգիչներ և նոութբուքներ, սակայն այժմ այդ սարքերի պահանջարկը նվազել է, և դա չէր կարող չազդել դրանք արտադրողների գործունեության վրա։

Խնդիրներ HP-ում

Ըստ Gartner ընկերության տվյալների՝ անհատական ​​համակարգիչների համաշխարհային շուկան 2022 թ․ երրորդ եռամսյակում 2021 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19,5%-ով: Սա ամենանշանակալի անկումն է վերջին տասնամյակում։

Ընդորում, HP-ն ավելի շատ է տուժել, քան մյուսները. այս տարի ընկերությունը 5 միլիոնով պակաս համակարգիչ է վաճառել, քան նախորդ տարի:

2022 թ․ ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում ընկերության հասույթը տարեկան կտրվածքով նվազել է 11%-ով մինչև $14,8 մլրդ և հաջորդաբար 8%-ով։ Անձնական համակարգերի սեգմենտում հասույթը կրճատվել է 13%-ով և կազմել 10,3 մլրդ դոլար, իսկ մատակարարումների ծավալները ֆիզիկական արտահայտությամբ նվազել են 21%-ով։

Նոութբուքների սեգմենտում առաքումների անկումը հասել է 26%-ի, իսկ սեղանի անհատական համակարգիչների սեգմենտում՝ 3%-ի։ Սպառողական հատվածում եկամուտների անկումը հասել է 25%-ի, կոմերցիոնում՝ 6%-ի։ Տպագրական սարքերի վաճառքը ընկերությանը բերել է 7%-ով պակաս գումար, քան մեկ տարի առաջ՝ ընդամենը 4,5 մլրդ դոլար, այն դեպքում, երբ առաքումների քանակական համարժեքը նվազել է 3%-ով։

HP Inc.-ի ղեկավարության կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ ֆինանսական տարում անհատական ​​համակարգիչների վաճառքը կնվազի 10%-ով։

Կրճատումներ HP-ում

Այժմ ընկերությունը, որը երեք տարի առաջ կրճատել է 9000 աշխատակից, նախատեսում է էլ ավելի կրճատել անձնակազմը։ Ճիշտ է, ռեստրուկտուրիզացիան կպահանջի 1 միլիարդ դոլարի ծախս, սակայն ընկերության ղեկավարությունն ակնկալում է, որ դրա շնորհիվ ապագայում հնարավոր կլինի տարեկան ծախսերը կրճատել 1,4 միլիարդ դոլարով։

Ըստ CNBC-ի՝ ռեստրուկտուրիզացիայի պլանը ենթադրում է, որ 600 միլիոն դոլարի ծախսեր կկատարվեն ընթացիկ ֆինանսական տարում, որն սկսվել է հոկտեմբերի 31-ին և ավարտվում է 2023-ի նույն օրը, իսկ մնացած 400 միլիոն դոլարը հավասարապես կբաժանվի 2024-2025 թվականների միջև:

2021 թ. հոկտեմբերի դրությամբ HP Inc.-ում աշխատել է 51,000 աշխատակից, իսկ այս տարվա հոկտեմբերին աշխատակազմը հասել է 61,000 աշխատողի։ 2023 թ․ ընկերությունը պլանավորում է կրճատել նախատեսված 6000 աշխատակիցների մինչև 40%-ը, իսկ մնացածը կկրճատվեն 2024 և 2025 թվականներին:

Բացի ծախսերի կրճատումից, ընկերությունը նախատեսում է խնայել զբաղեցրած անշարժ գույքի վրա, ինչպես նաև փնտրել իր արտադրանքը վաճառելու նոր ուղիներ՝ եկամուտներն ավելացնելու համար:

Այլ ընկերություններում ևս կրճատումներ են

HP Inc.-ը ամենևին էլ միակ ընկերությունը չէ, որը կրճատում է իր անձնակազմը:

Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է աշխատանքից հեռացնել 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ին։ Սա կորպորացիայի պատմության մեջ ամենամեծ կրճատումն է։ Այսօր Meta-ում նույնպես շատ խնդիրներ կան, թեև դրանց պատճառները տարբերվում են այն խնդիրներից, որոնց բախվում է HP-ն։

Amazon-ում ևս նախատեսվում են ընկերության պատմության մեջ ամենամեծ կրճատումները․ կկրճատվի մոտ 10,000 աշխատակից, ինչը կազմում է ընկերության լրիվ դրույքով աշխատողների մոտ 3%-ը և համաշխարհային աշխատուժի 1%-ից քիչ մասը:

Իսկ Twitter-ում կրճատվել է աշխատակազմի գրեթե երկու երրորդը. Իլոն Մասկը գործադիր տնօրեն դառնալուց անմիջապես հետո աշխատանքից ազատեց աշխատակիցների կեսին: Ավելի ուշ նա աշխատանքից ազատեց առնվազն մեկ տասնյակ ինժեներների, որոնք բացահայտ քննադատում էին նրան Twitter-ում արված գրառումներում կամ ներքին կորպորատիվ Slack մեսենջերում: Ընկերության շատ աշխատակիցներ սկսեցին աշխատանքից ազատվել սեփական նախաձեռնությամբ, երբ կարդացին Մասկի վերջնագիրը, որում նա առաջարկում էր աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ» կամ հեռանալ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ