Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական աճի էական գործոն, սակայն այդ ներուժն իրացնելու համար երկրին անհրաժեշտ են զարգացած ենթակառուցվածքներ, որակյալ կադրեր, պատասխանատու կառավարում և տեխնոլոգիաների ներդրման համակարգային մոտեցում։ Այս մասին հայտարարել է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ ArmIGF2026 ինտերնետի կառավարման հայկական 11-րդ համաժողովում։
Ենթակառուցվածքների համար պատասխանատվությունը՝ որպես թվային զարգացման պայման
Խոսելով տեխնոլոգիական զարգացման խոչընդոտների մասին՝ Ավետիսյանն ուշադրություն է հրավիրել կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման խնդիրների վրա։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ինքը համոզվել է, որ գլխավոր գործոններից մեկը շարունակում է մնալ որոշումներ կայացնող և աշխատանքներ իրականացնող մարդկանց ու կազմակերպությունների անձնական պատասխանատվության մակարդակը։
Որպես օրինակ նա բերել է մոտ երկու ամիս առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպը։ Մալուխի վնասման պատճառով առանց կապի էր մնացել մայրաքաղաքի մոտ մեկ քառորդը։ Ինչպես պարզաբանել է Ավետիսյանը, պատճառը մեկ մարդու՝ մալուխը կտրելու որոշումն էր։ «Այս մարդիկ նույնիսկ չեն մտածում մի պարզ բանի մասին․ նման իրավիճակում մարդիկ կարող են մահանալ։ Նրանք քաղաքացիներին զրկում են շտապօգնություն կանչելու հնարավորությունից, եթե ինչ-որ մեկի ինքնազգացողությունը վատանա», — նշել է նա։
Ընկերության ղեկավարի խոսքով՝ խնդիրը չի սահմանափակվում հեռահաղորդակցությամբ։ Երևանի էներգետիկ համակարգում վթարների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է ութ անգամ՝ մոտ տասը դեպքից հասնելով մի քանի հարյուրի։ Էլ ավելի զգալի՝ 15-ապատիկ աճ է արձանագրվել շինարարական աշխատանքների հետ կապված միջադեպերի թվում, երբ վնասվում են ստորգետնյա մալուխները։
Ավետիսյանը տեղի ունեցողը կապում է շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում թույլ տրվող խախտումների հետ․ որոշ դեպքերում քաղաքապետարանի հետ անհրաժեշտ համաձայնեցումները չեն կատարվում, իսկ այլ դեպքերում թույլտվությունները տրվում են առանց ստորգետնյա հաղորդակցուղիների տեղակայումը նախապես պարզելու։ Նրա կարծիքով՝ այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են ոչ միայն տեխնիկական հնարավորություններ, այլև գործընթացների ավելի խիստ կազմակերպում, կարգապահության և պատասխանատվության բարձրացում բոլոր մակարդակներում։
Ջրամատակարարումը, էներգետիկան և գյուղատնտեսությունը՝ թվայնացման առաջնահերթություններ
Խոսելով Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ «Վիվա Արմենիա»-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ երկրին անհրաժեշտ է առանձին տեղային նախագծերից անցնել միասնական ազգային մոտեցման։ Դրա համար, նրա կարծիքով, պահանջվում են կարգավորող մարմինների ավելի ակտիվ մասնակցություն, օրենսդրության և ազգային չափորոշիչների մշակում, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ընթացքում կարգապահության բարձրացում։
Որպես տեխնոլոգիական լուծումների ներդրման առաջնահերթ ուղղություններ՝ նա առաջարկել է դիտարկել ջրամատակարարումը, էլեկտրաէներգետիկան, գյուղատնտեսությունը, տեսահսկումը և անվտանգությունը։ Նրա խոսքով՝ կարելի է առանձնացնել մի քանի առանցքային ոլորտներ, միասնական հարթակի վրա փուլ առ փուլ լուծումներ ներդնել դրանցում և գործարկել փորձնական նախագծեր։ «Ենթակառուցվածքների առումով, կարծում եմ, ամեն ինչ մոտ 80 տոկոսով պատրաստ է։ Պետք է սկսել որոշումներ կայացնել, գնալ ու անել։ Ոչինչ հորինելու կարիք չկա», — նշել է Ավետիսյանը։






