Աստղագնացության միջազգային ակադեմիան (IAA) հաստատել է «Արտերկրային բանականության որոնման ժամանակ վարվելականոնների սկզբունքների» թարմացված տարբերակը. փաստաթուղթ, որը սահմանում է, թե ինչպես պետք է գործեն աստղագետներն ու գիտական հանրությունը այլմոլորակային քաղաքակրթության ազդանշաններ կամ հետքեր հայտնաբերելու դեպքում։ Նոր տարբերակում հատուկ ուշադրություն է դարձված ժամանակակից աշխարհի իրողություններին՝ ապատեղեկատվության տարածմանը, հնարավոր դիփֆեյքերին և սոցիալական ցանցերի ճնշմանը, պատմում է Space.com-ը։
Թափանցիկությունը՝ ամենից առաջ
Գլխավոր նորամուծություններից մեկը առավելագույն բացության հստակ պահանջն է։ Եթե ազդանշանը հաստատվի, տեղեկատվությունը պետք է հնարավորինս շուտ հանրայնացվի։ Ոչ մի գաղտնի արխիվ և կառավարական «թղթապանակներ այլմոլորակայինների մասին»։ «Եթե մենք երբևէ հավաստի ազդանշան գտնենք, հանրությունը կիմանա այդ մասին։ Այն չեն թաքցնի կառավարական սեյֆում»,— ընդգծել է IAA SETI մշտական կոմիտեի նախագահ և թարմացված փաստաթղթի համահեղինակ Մայքլ Գարեթը։ Գարեթը, որը զբաղեցնում է Մանչեսթերի համալսարանի աստղաֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնը, մարդաբան (անթրոպոլոգ) Քեթրին Դենինգի, իրավաբան Լեսլի Թենենի և գիտական հաղորդակցությունների մասնագետ Քերոլ Օլիվերի հետ համատեղ պատրաստել է արձանագրությունների (պրոտոկոլների) նոր խմբագրությունը, որոնք առաջին անգամ հայտնվել էին դեռևս 1980-ականների վերջին։
Ո՞վ կարող է կատարել բացահայտումը
Փաստաթղթի հեղինակներն ընդգծում են մի կարևոր պահ. արտերկրային բանականության գոյության առաջին ապացույցը, ամենայն հավանականությամբ, կհայտնաբերի ոչ թե SETI-ի մասնագետը, այլ լիովին այլ օբյեկտներ ուսումնասիրող աստղագետը։ «Ամենից հաճախ դա կլինի մի մարդ, որը տվյալների մեջ փնտրում է մեկ այլ բան, բայց բախվում է անոմալիայի, որը հնարավոր չէ բացատրել սովորական երևույթներով»,— նշել է Գարեթը։ Նման դեպքում գիտնականը կարող է պատրաստ չլինել լրատվամիջոցների և սոցցանցերի ճնշմանը։ Հենց այդ պատճառով արձանագրությունները մանրամասնորեն նկարագրում են քայլերը՝ ազդանշանի մանրակրկիտ անկախ ստուգումից մինչև մամուլի և գիտական հանրության հետ գրագետ փոխգործակցությունը։
Հիմնական կանոնները
Բացահայտման հաստատումից հետո տեղեկատվությունը պետք է փոխանցվի գիտական հանրությանը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և հանրայնացվի։ Դրա հետ մեկտեղ, կարևոր է պաշտպանել ազդանշանի հաճախականությունը երկրային խոչընդոտներից (պոմեխներից) և շարունակել մոնիտորինգը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հնարավոր ազդանշանին պատասխանելու հարցին։ Արձանագրությունները չեն արգելում այլմոլորակայիններին հաղորդագրություններ ուղարկելը (METI), սակայն խորհուրդ են տալիս անցկացնել լայն միջազգային խորհրդակցություններ և որոշում չկայացնել միայնակ։ Նման դեպքում վերջնական խոսքը պետք է մնա ՄԱԿ-ին։
Հասարակության արձագանքը և գիտնականների դերը
Փաստաթղթի հեղինակներն ընդունում են, որ աստղագետները պարտավոր չեն իրենց վրա վերցնել բացահայտման բոլոր սոցիալական հետևանքների պատասխանատվությունը։ Նրանց խնդիրն է տրամադրել ստուգված տվյալներ։ Հետագա հարցերը՝ կրոնների ու կառավարությունների արձագանքից մինչև հասարակության վրա ունեցած ազդեցությունը, պետք է լուծվեն տարբեր ոլորտների մասնագետների կողմից՝ իրավաբանների, մարդաբանների, էթիկայի և հաղորդակցության մասնագետների։ Դրա համար IAA SETI կոմիտեին կից կգործի մշտական ենթահանձնաժողով, որը կներառի տարբեր գիտակարգերի (դիսցիպլինների) ներկայացուցիչներ։
Կարճ ասած
Աստղագնացության միջազգային ակադեմիան թարմացրել է «Արտերկրային բանականության որոնման ժամանակ վարվելականոնների սկզբունքները»՝ դրանք հարմարեցնելով սոցիալական ցանցերի, ԱԲ-ի և դիփֆեյքերի դարաշրջանին։ Փաստաթուղթն ընդգծում է առավելագույն թափանցիկության անհրաժեշտությունը. բացահայտման հաստատումից հետո տեղեկատվությունը պետք է հանրայնացվի։ Հատուկ ուշադրություն է դարձվում ազդանշանի մանրակրկիտ ստուգմանը, տվյալների պաշտպանությանը և միջազգային խորհրդակցություններին՝ նախքան հնարավոր ուղերձին որևէ պատասխան տալը։ Հեղինակները հույս ունեն, որ հստակ կանոնները կօգնեն գիտական հանրությանը արժանապատվորեն հաղթահարել մարդկության պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը։






