Հայաստանն այսօր ընկալվում է որպես ինժեներական ուժեղ դպրոց և գլոբալ շուկայում զգալի տեխնոլոգիական ձեռքբերումներ ունեցող երկիր: Սակայն հենց այս փուլում, ըստ Հայաստանի ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի, երկիրը կանգնած է ռազմավարական առանցքային ընտրության առաջ՝ արդյո՞ք այն կմնա նախագծման կենտրոն, թե՞ կկարողանա անցում կատարել արդյունաբերական արտադրության:

Գաղափարներն առանց մոնետիզացիայի 

Ելույթ ունենալով Yerevan Dialogue 2026 ֆորումում՝ Սալաթյանն ընդգծեց, որ Հայաստանում ինժեներական ոլորտն արդեն հասել է բարձր մակարդակի: Այստեղ ստեղծվում են բարդ, համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանքներ՝ ծրագրային լուծումներից մինչև բարձրտեխնոլոգիական մշակումներ էլեկտրոնիկայի ոլորտում: Բայց այս ամբողջ հաջողության հետ մեկտեղ բաց է մնում գլխավոր հարցը՝ որտե՞ղ է ձևավորվում հիմնական ավելացված արժեքը: 

Ըստ նրա՝ այսօր հայկական ինժեներական էկոհամակարգի զգալի մասն աշխատում է նախագծման և դիզայնի տրամաբանությամբ, մինչդեռ արդյունաբերական փուլը՝ վերջնական արտադրանքի թողարկումը, մնում է երկրի սահմաններից դուրս: Սա ստեղծում է կառուցվածքային շեղում, որի դեպքում Հայաստանը գեներացնում է գաղափարներ և տեխնոլոգիաներ, բայց չի մասնակցում դրանց մոնետիզացիայի (եկամտաբերության) ամբողջական ցիկլին:

Ծառայությունների տնտեսություն և կադրերի արտահոսքի ռիսկ 

Սալաթյանը սա ձևակերպում է բավականին խիստ. ցանկացած ինժեներական արտադրանք դառնում է լիարժեք տնտեսական արժեք միայն այն ժամանակ, երբ այն հասնում է գործարանային արտադրության: Հակառակ դեպքում երկիրը ռիսկի է դիմում ամրապնդվել «դիզայն-հաուսի» դերում՝ նախագծման կենտրոն առանց արդյունաբերական միջուկի: 

Նման մոդելի դեպքում, զգուշացնում է նա, տնտեսությունը մնում է սպասարկող և կորցնում է պոտենցիալ եկամտի զգալի մասը: Դրա հետ մեկտեղ գոյություն ունի նաև ավելի երկարաժամկետ ռիսկ: Եթե երկիրը չի զարգացնում արտադրությունը, ինժեներական կադրերն աստիճանաբար սկսում են տեղափոխվել այնտեղ, որտեղ այդ փուլն արդեն գոյություն ունի: Այսպիսով, կարող է տեղի ունենալ ոչ միայն տնտեսական, այլև գոյություն ունեցող ինժեներական դպրոցի կադրային էրոզիա:

Առաջին քայլը՝ OSAT սեգմենտի կամ խորշային ուղղությունների զարգացում 

Խոսելով կիսահաղորդիչների մասին՝ Սալաթյանը նշեց, որ Հայաստանն արդեն լուրջ ձեռքբերումներ ունի մի շարք ուղղություններում՝ միկրոսխեմաների նախագծում, EDA գործիքներ, թեստավորում և վալիդացում: Ավելին, երկրում արդեն աշխատում են ընկերություններ, որոնք բարդ ինժեներական առաջադրանքներ են կատարում միջազգային պատվիրատուների համար: Սակայն, նրա խոսքով, սա դեռևս արդյունաբերության ամբողջական ցիկլը չէ: 

Նա առաջարկում է դիտարկել արտադրության մեջ մտնելու երկու իրատեսական ուղի: Առաջինը՝ OSAT սեգմենտի զարգացումը, այսինքն՝ միկրոսխեմաների հավաքումը և թեստավորումը: Սա կիսահաղորդիչների արտադրության եզրափակիչ փուլն է, որը չի պահանջում ամենաառաջադեմ տեխնոլոգիական պրոցեսները, բայց թույլ է տալիս երկրին ներկառուցվել գլոբալ արդյունաբերական շղթայի մեջ: 

Երկրորդ ուղին կապված է խորշային ուղղությունների զարգացման հետ՝ օպտիկական, ռադիոհաճախականային և ուժային չիպեր, որտեղ համաշխարհային արդյունաբերությունը դեֆիցիտ ունի, իսկ պահանջները տեխնոլոգիական մակարդակի նկատմամբ ավելի ցածր են, քան առաջնային հանգույցներում:

Անհրաժեշտ է էկոհամակարգ 

Սակայն, ընդգծում է Սալաթյանը, նույնիսկ այս ուղղությունները չեն լուծվում բացառապես առանձին ձեռնարկությունների ստեղծման միջոցով: Անհրաժեշտ է էկոհամակարգ՝ արդյունաբերական-տեխնոլոգիական միջավայր, որտեղ արտադրությունը, ինժեներական ծառայությունները, սարքավորումները և ենթակառուցվածքները միավորված են մեկ միասնական համակարգում: Նա առաջարկում է «factory city» մոդելը, որտեղ մուտքի արգելքների նվազեցումը, համատեղ ենթակառուցվածքը և կարողությունների կենտրոնացումը թույլ են տալիս արագացնել անցումը նախագծումից դեպի արտադրություն: 

Առանձնակի դեր, ըստ նրա, պետք է խաղան այսպես կոչված «խարսխային» ընկերությունները՝ խոշոր միջազգային խաղացողները, որոնք ունակ են իրենց շուրջը գործարկել արդյունաբերական էկոհամակարգ: Պատմականորեն, նշում է նա, հենց նման ընկերություններն են դարձել Հայաստանի ինժեներական հատվածի աճի կետերը, և նույնպիսի էֆեկտ հնարավոր է նաև արտադրության մեջ:

Ի վերջո, ինչպես շեշտում է Սալաթյանը, խոսքը ոչ թե պարզապես առանձին ճյուղի զարգացման, այլ ընդհանուր տնտեսության մոդելի ընտրության մասին է: Հայաստանն արդեն ապացուցել է, որ ի վիճակի է ստեղծել տեխնոլոգիաներ: Հիմա հարցն այն է՝ կկարողանա՞ այն վերածել այդ առավելությունը լիարժեք արդյունաբերական ցիկլի, թե՞ կմնա երկիր, որտեղ ծնվում են գաղափարներ, բայց չի արտադրվում արդյունք: