Գիտնականները օգտագործել են օնլայն խաղ, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ, պարզելու համար, թե ինչու են վագրերի մոտ հայտնվել բնորոշ շերտերը. պատասխանը կապված է արևի լույսի հետ: Էքսետերի և Բրիստոլի համալսարանների մասնագետների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ վագրի շերտերի նման հակադիր նախշերը ավելի դժվար է նկատել պայծառ արևի տակ և բարդ եռաչափ միջավայրերում՝ բարձր խոտերի և անտառային թավուտների մեջ: Միևնույն ժամանակ, միագույն գունավորումն ավելի լավ է քողարկում ամպամած եղանակին և ցածր բուսականությամբ բաց տարածություններում:
Ինչպես է աշխատում խաղը
Էքսետերի համալսարանի գիտնականների կողմից մշակված խաղում նախշավոր գունդը «էվոլյուցիա է ապրել» 20 սերունդների ընթացքում՝ դառնալով ավելի ու ավելի աննկատ իրական բնական լանդշաֆտների ֆոնին: Խաղացողները փնտրում էին գնդերը, և եթե դրանցից մեկի որոնումը ավելի երկար էր տևում, խաղն օգտագործում էր այդ տեղեկատվությունը նախշերի հաջորդ սերունդը ստեղծելու համար՝ համադրելով ամենա«հաջողակ» զույգերը: «Ըստ էության, մեր հետազոտության մեջ թվային էվոլյուցիան օգնեց մեզ ավելի լավ հասկանալ իրական աշխարհի էվոլյուցիան»,— ասել է դոկտոր Ջորջ Հենքոկը Կոռնուոլի Էքսետեր համալսարանի Փենրին կամպուսի Էկոլոգիայի և պահպանության կենտրոնից: Խաղում օգտագործված ֆոները վերցված են Միացյալ Թագավորության տարբեր բարդության 28 բնակավայրերի լուսանկարներից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանվել է ինչպես ուղիղ, այնպես էլ ցրված արևի լույսի ներքո:
Արևի լույսը, ստվերները և շերտերը
Ուղիղ արևի լույսի ներքո գնդերի վրա հայտնվում էին բարձր հակադրությամբ մութ շերտավոր նախշեր, ինչպես նաև «հակաստվերում» (մարմնի ավելի բաց գույնի ստորին հատվածներ, որոնք բնորոշ են վագրերին, անտիլոպներին և սպիտակ շնաձկներին) և եզրագծերի լղոզում, ինչը թաքցնում է կենդանու կառուցվածքը: «Երբ արևը դուրս է գալիս, ստվերները ֆոնային միջավայրը տեսողականորեն դարձնում են ավելի բարդ և ուղղորդված»,— պատմել է դոկտոր Հենքոկը:— «Ստվերները դառնում են ավելի սուր և էլ ավելի ուղղորդված, երբ միջավայրն ավելի ծավալուն է, օրինակ՝ բարձր բուսականության թավուտներում: Հենց այսպես են վագրերը ձեռք բերել իրենց շերտերը. դրանք կրկնում են իրենց բնակության միջավայրին բնորոշ շերտավոր ստվերները»: Հետազոտողները նաև նշել են, որ շատ գիշատիչներ առավել ակտիվ են լուսաբացին և մթնշաղին, երբ երկար ստվերները ստեղծում են լրացուցիչ տեսողական բարդություն, ինչը շերտավոր և բարձր հակադրությամբ քողարկումն էլ ավելի արդյունավետ է դարձնում:
Հետևանքները բնության պահպանության համար
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են PLOS One ամսագրում, ունեն նշանակություն, որը դուրս է գալիս էվոլյուցիոն կենսաբանության շրջանակներից: Գիտնականները զգուշացրել են, որ բնակության միջավայրի և լուսավորության պայմանների փոփոխությունները, որոնք առաջացել են հողերի յուրացման, ուրբանիզացիայի և կլիմայի փոփոխության հետևանքով, կարող են նվազեցնել քողարկման ռազմավարությունների արդյունավետությունը, որոնք տեսակները մշակել են հազարամյակների ընթացքում: «Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես նման փոփոխությունները կարող են ազդել կենդանիների գոյատևման վրա, հատկապես այն տեսակների, որոնք արդեն գտնվում են վտանգման եզրին»,— հայտարարել է դոկտոր Ջոլիոն Տրոսկյանկոն Էքսետերի համալսարանից:






