Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ստեղծել նոր առցանց-դրամարկղային համակարգ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Doing Digital Forum 2026-ի ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականից Հայաստանն օգտագործում է պարտադիր էլեկտրոնային գրանցման համակարգը, որը նախատեսում է բոլոր էլեկտրոնային գործարքների ֆիքսում, ներառյալ կայքերի և բջջային հավելվածների միջոցով իրականացվող ապրանքների ու ծառայությունների հետ կապված գործառնությունները։ Էլեկտրոնային առևտրի հետագա ինտեգրումը հարկային և մաքսային համակարգերին ապահովելու համար, շարունակել է Հակոբյանը, ազգային «մեկ պատուհանի» համակարգի շրջանակում մշակվել է էլեկտրոնային հայտարարագրի հատուկ ձև, որը թույլ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին իրական ժամանակի ռեժիմում մուտքագրել տվյալներ առևտրային հարթակներից, մասնավորապես՝ ապրանքների արժեքի գնահատման վերաբերյալ։ Ներդրվում է նաև ռիսկերի կառավարման հատուկ համակարգ՝ անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքների արժեքի որոշման նպատակով։

Հետագայում, հայտնել է Հակոբյանը, Կոմիտեն նախատեսում է ստեղծել նոր առցանց-դրամարկղային համակարգ։ Եթե ներկայիս համակարգը ձևավորում է ստանդարտ էլեկտրոնային կտրոններ, ապա նորը կլինի եռակողմ և թույլ կտա էլեկտրոնային առևտրի հարթակներին ձևավորել լիարժեք էլեկտրոնային կտրոններ, որոնք կֆիքսեն գործարքների մասին բոլոր անհրաժեշտ տվյալները և ավտոմատ կերպով կարտացոլեն դրանք հարկային հաշվետվություններում։ Սա նշանակում է, որ հարկային վարչարարությունը սկզբունքորեն կհամապատասխանի ժամանակակից բազմասուբյեկտ բիզնես մոդելների պահանջներին, նշել է նա։