Թվային տնտեսության ձևավորումը Հայաստանի կառավարության թիվ մեկ ռազմավարական խնդիրն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Doing Digital Forum 2026-ին իր ելույթում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Մենք հավատացած ենք, որ մեր ազգային կենսունակության բարձրացման և տնտեսության կայուն շարունակական զարգացման նախադրյալներից մեկը իբրև հիմք հանդիսանում են բաց, ապահով, թափանցիկ, պաշտպանված տվյալները, ենթակառուցվածքները և վստահության միջավայրը», - ասել է նա:

Նախարարի խոսքով՝ կառավարությունը թվային տրանսֆորմացիան տեսնում է որպես գործիք, որը պետք է հեշտացնի մարդու և քաղաքացու կյանքը, ստեղծի վստահության ու կանխատեսելիության միջավայր մասնավոր հատվածի և բիզնեսի համար:

«Սրանք ուղղակի խոսքեր չեն և սա պարզապես տեսլական չէ, որ թղթի վրա է։ արդեն տարիներ շարունակ։ Կառավարությունը մասնավոր հատվածի գործընկերների հետ մեծածավալ ու բազմակողմանի բարեփոխումներ է իրականացրել այս ուղղությամբ՝  ամպայինն առաջինն է քաղաքականությունից մինչև բաց տվյալների քաղաքականություն, հանրային տեղեկությունների նոր օրենսդրությունից մինչև կիբերանվտանգության օրենսդրություն։

Նոր ենթակառուցվածքներ, ազգային նոր ինստիտուտներ, որոնք պիտի ապահովեն բավարար կիբերպաշտպանված և ապահով տվյալներ, տեղեկատվություն, տեղեկատվական համակարգեր, այսինքն ամենօրյա մեծածավալ ջանքերի ներդրում, որոնք որ պիտի իրականություն դարձնեն այս տեսլականը», - վստահեցրել է նա:

Նշելով, որ Հայաստանը բիզնեսի համար համեմատաբար փոքր շուկա է, նախարարը հավելել է, որ դա երկրին տալիս է նաև մի շարք առավելություններ:  «Փոքր շուկաներն էլ ունեն իրենց առավելությունը՝ անընդհատ նորանոր գաղափարներ գեներացնելու, նոր լուծումներ առաջադրելու, սխալվելու, դրանք վերլուծելու, դասեր քաղելու, կատարելագործելու այդ լուծումները և ահա Հայաստանը մեր տեխնոլոգիական համայնքի ու ոլորտի համար լավագույն շուկաներից մեկն է խթանելու այդ նորարարությունը», - ասել է նա։