Երևանում իր դռներն է բացել Doing Digital Forum 2026-ը՝ Հայաստանի թվային տրանսֆորմացիայի և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի տարվա առանցքային իրադարձություններից մեկը: «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» կարգախոսի ներքո ֆորումը մեկ հարթակում է համախմբել բիզնես առաջնորդների, կարգավորողների և փորձագետների՝ քննարկելու, թե ինչպես փոխկապակցված թվային հարթակները կարող են դառնալ երկրի ողջ տնտեսության աճի շարժիչ ուժը՝ հանքարդյունաբերությունից ու էներգետիկայից մինչև ֆինտեխ և բլոկչեյն:

Ինչպես նշեց SPRING PR-ի համահիմնադիր և ֆորումի կազմակերպիչ Տաթևիկ Սիմոնյանը, Doing Digital Forum-ն անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ և հասցրել է նվաճել ֆինտեխ էկոհամակարգի, ինչպես նաև թվային տրանսֆորմացիայով հետաքրքրվողների անկեղծ սերը:

«Այսօր մենք արդեն խոսում ենք ոչ միայն թվային տրանսֆորմացիայի մասին: Այժմ խոսքը արհեստական բանականության մասին է, և այստեղ Հայաստանն իսկապես շատ ասելիք ունի: Սկզբից ֆորումի նպատակն էր Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի թվային և նորարարական հաբ: Սակայն այսօր մենք վերանայել ենք մեր մոտեցումը. Հայաստանն արդեն ունի ողջ ներուժը՝ դառնալու կամուրջ՝ տնտեսությունների, տեխնոլոգիաների և սպառողների, գիտելիքի և այն փնտրողների միջև», — նշեց նա:

Սիմոնյանը մատնանշեց միջազգային խոշորագույն ընկերությունների՝ Alipay, Alibaba, Visa, Amazon, Anchorage Digital և շատ այլոց կողմից ֆորումի նկատմամբ աճող հետաքրքրությունը: «Ֆորումում մեծ է տարածաշրջանային ներկայացվածությունը: Միայն Վրաստանից ժամանել է ամենաբարձր մակարդակի ավելի քան 50 մասնակից՝ թե՛ որպես խոսնակներ, որոնց թվում են Վրաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ու ոլորտային ասոցիացիաների ղեկավարները, և թե՛ որպես խոշոր ընկերությունների պատվիրակներ», — հավելեց նա:

Ըստ Սիմոնյանի՝ քննարկումներն անցնում են շատ դինամիկ. «Հենց հիմա մենք խոսում ենք սթեյբլքոյնների ապագայի և դրանց կարգավորման մասին: Հարթակում ներկա են չեխական խոշոր ստարտափ, ամերիկյան նախագիծ և բոլոր առանցքային կարգավորողները, ովքեր պետք է հող նախապատրաստեն նորագույն տեխնոլոգիաների և վճարային համակարգերի ներդրման համար»:

Սիմոնյանն ընդգծեց, որ այսօր շեշտադրումը տեղափոխվում է պարզապես արհեստական բանականության «օգտագործումից» դեպի ընկերությունների խորքային տրանսֆորմացիա.

«Աշխարհը շարժվում է այն ուղղությամբ, որ կազմակերպությունները պետք է դառնան AI-native՝ ի սկզբանե կառուցված լինեն արհեստական բանականության հաշվառմամբ, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում մնան մրցունակ: Մենք ակտիվորեն կիսվում ենք Հայաստանի և տարածաշրջանի ընկերությունների հետ այն գործիքներով ու փուլերով, որոնք անհրաժեշտ է անցնել ԱԲ-ի արդյունավետ ներդրման համար: Ինչպես նշեց ՀՀ Կենտրոնական բանկի մեր խոսնակ Արմեն Նուրբեկյանը, այսօր մենք պետք է մրցենք ոչ այնքան փողով և ներդրումներով, որքան արդյունավետությամբ: Եվ այս հարցում Հայաստանը շատ լուրջ հնարավորություններ ունի», - ասաց նա։

Սիմոնյանի գնահատմամբ՝ սա հատկապես կարևոր է հիմա, երբ աշխարհում փլուզվում են հազարամյակներով կառուցված հին կամուրջները: Այս պայմաններում Հայաստանը կարող է դառնալ նոր կամուրջ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային ենթակառուցվածքների միջոցով:

«Մենք բառացիորեն միավորում ենք հարթակներն ու տնտեսությունները: Ֆորումի գլխավոր ուղերձն այն է, որ Հայաստանն ունի իրական ներուժ՝ միացնելու Եվրոպան Ասիային, տեղական լուծումները՝ գլոբալ հարթակներին, իսկ տեղական արտադրանքը՝ միջազգային շուկային: Ընդ որում, մենք չենք պատրաստվում ամբողջությամբ փոխարինել ավանդական հարթակները. դրանք պետք է բարելավվեն և դրանց համար ստեղծվի նոր, ժամանակակից միջավայր:

Եվ ամենակարևորը՝ խոսքը ոչ միայն թվային տնտեսության, այլև իրական հատվածի տրանսֆորմացիայի մասին է: Ֆորումի ընթացքում քննարկվելու է, թե ինչպես են առաջադեմ տեխնոլոգիաներն ազդում ավանդական ճյուղերի վրա, այդ թվում՝ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Freedom Broker-ի հետ կքննարկվի, թե ուր արժե ուղղել մասնավոր կապիտալը, ինչպես բարձրացնել ներդրումների արդյունավետությունը և ամրապնդել վստահությունը կիբերանվտանգության ու ռազմավարական մոտեցումների միջոցով:

«Ի վերջո, մեր գլխավոր մեսիջը պարզ է. Հայաստանն այսօր ոչ թե պարզապես կարող է կամ ուզում է, այլ իրապես դառնում է կամուրջ: Եվ տարբեր երկրներից ժամանած ֆորումի բոլոր մասնակիցները դա ակնառու կերպով հաստատում են», — եզրափակեց Տաթևիկ Սիմոնյանը: